Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարություն է տարածել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Դանիայի վարչապետ հայտարարել է, որ Դանիան Գրենլանդիայի հարցում մեծ աջակցություն է ստանում։
Նա հայտնել է, որ այդ հարցով ինտենսիվ երկխոսության մեջ է դաշնակիցների հետ՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան։
«Ես գոհ եմ ամբողջ մայրցամաքից ստացվող ուղերձներից։ Եվրոպան չի տրվելու շանտաժի։ Միևնույն ժամանակ, ավելի քան պարզ է, որ սա հարց է, որը շատ ավելի հեռու է գնում մեր սահմաններից,- ասել է Ֆրեդերիկսենը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տևական ժամանակ է, ինչ հայտարարում է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու մտադրության մասին։ Թրամփը հայտարարել է, որ այդ քայլն անհրաժեշտ է Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Նրա խոսքով՝ «Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են վերցնել Գրենլանդիան, իսկ Դանիան դրա դեմ ոչինչ չի կարողանալու անել»։
Թրամփը նաև հայտարարել է, որ փետրվարի 1-ից 10 տոկոս մաքսատուրք է սահմանելու այն երկրներից ներմուծումների համար, որոնք դեմ են հանդես գալիս Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու իր ծրագրերին։ Այդ երկրներն են Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ 2026 թվականի հունիսի 1-ից այդ մաքսատուրքերը կհասնեն 25 տոկոսի և ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Գրենլանդիայի հարցով գործարքը չի կայանա։
Ավելի վաղ Թրամփի որոշումը նոր մաքսատուրքերի սահմանման մասին քննադատել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Մակրոնը հայտարարել էր, որ որևէ սպառնալիք չի կարող ազդել իրենց վրա՝ լինի դա Ուկրաինայում, Գրենլանդիայում, թե որևէ այլ վայրում։ 8 երկրները, որոնց դեմ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել, համատեղ հայտարարություն էն տարածել՝ համերաշխություն հայտնելով Դանիանին և Գրենլանդիային։
