Սենեգալը սկանդալային խաղում դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթակիր
Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի եզրափակիչ հանդիպումը Սենեգալի և Մարոկկոյի հավաքականների միջև վերածվեց իսկական դրամայի՝ լի մրցավարական սկանդալներով, խաղադաշտը լքելու փորձերով և լրացուցիչ ժամանակում խփված գոլով։
Դեռ խաղից առաջ Սենեգալի հավաքականը դժգոհություն էր հայտնել կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Ռաբատի «Արքայազն Մուլա Աբդուլլա» մարզադաշտը տեղավորում է 69,500 հանդիսական, սակայն սենեգալցի երկրպագուներին տրամադրվել էր 3000-ից պակաս տոմս։
Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեներին Կոնգոյի ԴՀ-ն ներկայացնող մրցավար Ժան-Ժակ Նգամբո Նդալան կայացրեց երկու առանցքային որոշում, որոնք քիչ էր մնում տապալեին եզրափակիչը.
90+2-րդ րոպե (Չհաշվված գոլ). Մրցավարը չարձանագրեց սենեգալցիների խփած գոլը։ Նա գտավ, որ Աբդուլայ Սեկը կանոնները խախտել է Աշրաֆ Հակիմիի նկատմամբ մինչ գնդակը ցանցն ուղարկելը։ Մրցավարը թույլ տվեց մեթոդական սխալ՝ սուլելով նախքան գնդակի՝ դարպասային գիծը հատելը, ինչը VAR-ին զրկեց միջամտելու իրավունքից։
90+8-րդ րոպե (11-մետրանոց). VAR-ի միջամտությունից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց Սենեգալի դարպասին՝ Մալիկ Էլ-Հաջի Դիուֆի կողմից Բրահիմ Դիասին գցելու համար։
Սենեգալի հավաքականի գլխավոր մարզիչ Պապ Տիավը, ի նշան բողոքի, թիմին տարավ հանդերձարան։ Խաղն ընդհատվեց։ Իրավիճակը փրկեց թիմի առաջատար Սադիո Մանեն, ով մնացել էր խաղադաշտում։ Նա գնաց հանդերձարան և համոզեց թիմակիցներին ու մարզչին վերադառնալ խաղադաշտ։
Սենեգալցիների վերադարձից հետո Մարոկկոյի կիսապաշտպան Բրահիմ Դիասը մոտեցավ 11-մետրանոց նշակետին։ Նա փորձեց հարվածել «պանենկա» ոճով, սակայն Սենեգալի դարպասապահ Էդուարդ Մենդին հեշտությամբ որսաց գնդակը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։
Հաղթական գոլը Հանդիպման ճակատագիրը վճռվեց լրացուցիչ ժամանակում։ 94-րդ րոպեին (լրացուցիչ ժամանակի 4-րդ րոպե) Սենեգալի հավաքականի կիսապաշտպան Պապ Գույեն բացեց հաշիվը՝ 1:0, ինչը հաղթանակ պարգևեց իր թիմին։
Սենեգալի և Մարոկկոյի հավաքականները նախկինում մեկական անգամ էին նվաճել Աֆրիկայի գավաթը (համապատասխանաբար՝ 2021 և 1972 թվականներին):
