Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև անհապաղ հրադադար է հայտարարվել
Սիրիայի կառավարական ուժերի և «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) միջև բոլոր ճակատներում և շփման գծերում հայտարարվում է համապարփակ և անհապաղ հրադադար, հայտնում է սիրիական պետական Sana գործակալությունը:
Ըստ փաստաթղթի, դրան զուգահեռ SDF-ի բոլոր ռազմական կազմավորումները դուրս են բերվում Եփրատի արևելյան ափի շրջան՝ որպես նախապատրաստական քայլ դրանց հետագա վերատեղակայման համար:
Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգներն անհապաղ և ամբողջ ծավալով անցնում են սիրիական կառավարության վարչական և ռազմական վերահսկողության տակ: Սա ներառում է բոլոր քաղաքացիական հիմնարկների և օբյեկտների կառավարման ստանձնումը, ինչպես նաև հրատապ որոշումների ընդունումը՝ գործող աշխատակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան նախարարություններում ամրագրելու վերաբերյալ:
Կառավարությունն իր հերթին պարտավորվում է հետապնդումների չենթարկել այդ նահանգների SDF-ի աշխատակիցներին ու մարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչներին:
Հասաքե նահանգի բոլոր քաղաքացիական հիմնարկները ներառվում են սիրիական պետության կառուցվածքում և դրա վարչական համակարգում: Սիրիայի կառավարությունն իր լիակատար վերահսկողության տակ է վերցնում բոլոր սահմանային անցակետերը, ինչպես նաև տարածաշրջանի նավթային ու գազային հանքավայրերը: Դրանց պահպանությունն ապահովվում է կանոնավոր զինված ուժերի կողմից՝ նպատակ ունենալով երաշխավորել բնական ռեսուրսների վերադարձը պետության տնօրինմանը:
SDF-ի բոլոր ռազմական և ուժային կադրերը ենթակա են անհատական հիմունքներով ներառման Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների կառույցներում՝ անվտանգության անհրաժեշտ ստուգում անցնելուց հետո: Նրանց տրվում են համապատասխան զինվորական կոչումներ, նյութական և լոգիստիկ ապահովում՝ սահմանված կարգով, միաժամանակ ապահովելով քրդական շրջանների առանձնահատկությունների և ինքնության պաշտպանությունը:
SDF-ի ղեկավարությունը պարտավորվում է իր շարքերը չընդունել նախկին վարչակարգի մնացորդներին և փոխանցել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող այդ կազմավորումների սպաների ցուցակները:
Հրապարակվում է նախագահական հրամանագիր Հասաքե նահանգի նահանգապետի պաշտոնում թեկնածու նշանակելու մասին՝ որպես քաղաքական մասնակցության և տեղական ներկայացուցչության երաշխիք:
Այն էլ Արաբ (Քոբանի) քաղաքն ազատվում է ծանր ռազմական կազմավորումներից: Այնտեղ ստեղծվում է ներքին անվտանգության ուժ՝ տեղի բնակիչներից, պահպանելով տեղական ոստիկանությունը, որը վարչականորեն ենթարկվում է Սիրիայի ներքին գործերի նախարարությանը:
ԻՊ կազմակերպության գրոհայինների բանտերի և ճամբարների համար պատասխանատու վարչակազմը, ինչպես նաև այդ օբյեկտների պահպանությունն ապահովող ուժերը ներառվում են պետական կառույցներում: Սիրիայի կառավարությունն իր վրա է վերցնում դրանց համար լիակատար իրավական և ուժային պատասխանատվությունը:
Հաստատվում է SDF-ի ղեկավարության կողմից առաջարկված թեկնածուների ցանկը՝ կենտրոնական պետական կառույցներում բարձր ռազմական, ուժային և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար՝ նպատակ ունենալով ապահովել ազգային գործընկերությունը:
Ողջունվում է 2026 թվականի նախագահական թիվ 13 հրամանագիրը, որը նախատեսում է քրդական բնակչության մշակութային և լեզվական իրավունքների ճանաչում, ինչպես նաև չգրանցված անձանց իրավական և քաղաքացիական հարցերի լուծում ու նախորդ տասնամյակներում կորցրած գույքային իրավունքների վերականգնում:
SDF-ը պարտավորվում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքից դուրս բերել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) բոլոր այն ղեկավարներին ու մարտիկներին, որոնք Սիրիայի քաղաքացի չեն՝ ի շահ տարածաշրջանի ինքնիշխանության և կայունության պաշտպանության:
Սիրիական պետությունը հաստատում է իր հանձնառությունը շարունակելու պայքարն ահաբեկչության, մասնավորապես ԻՊ-ի դեմ՝ որպես միջազգային կոալիցիայի ակտիվ մասնակից՝ Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ՝ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով:
Նախատեսվում է նաև աշխատանք տանել Աֆրին և Շեյխ Մաքսուդ շրջանների բնակիչների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ համաձայնությունների հասնելու ուղղությամբ, գրում է սիրիական լրատվամիջոցը:
