Վրաստանը մտադիր է այս տարի ավարտել Հայաստանն ու Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը
Վրաստանի կառավարությունը մտադիր է 2026 թվականին ամբողջությամբ ավարտել Ադրբեջանն ու Հայաստանը Թուրքիային կապող ճանապարհների շինարարությունը «Միջին միջանցք» նախագծի շրջանակում, հայտնում է Грузия Online-ը։
«Միջին միջանցքը» երթուղի է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և այնուհետև՝ դեպի Եվրոպա։
Ըստ կառավարության ծրագրերի, որոնք ներառված են 2026 թվականի բյուջեում, նախատեսվում է ամբողջությամբ ավարտել դեպի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ տանող Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածների շինարարությունը, ինչպես նաև կառուցել դեպի Թուրքիայի սահման տանող Բաթումի-Սարփի ճանապարհը։
«Այս նախագծերի իրականացման արդյունքում կավարտվի «Միջին միջանցքի» այն հատվածների շինարարությունը, որոնք կապում են Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան»,- նշված է փաստաթղթում։
Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ստեղծվել է 2014 թվականի փետրվարին՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի ծովային ու երկաթուղային փոխադրումների ոլորտի առաջատար ձեռնարկությունների մասնակցությամբ։
Միջանցքի երթուղին ներկայումս անցնում է չին-ղազախական սահմանից՝ Ղազախստանի, Կասպից ծովի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա։
Վրաստանը «Միջին միջանցքին» միացել է 2022 թվականին։ Թուրքիան է հանդես եկել Վրաստանը՝ որպես տարանցիկ ուղու մաս, միջանցքում ներառելու նախաձեռնությամբ։
