Բաժիններ՝

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Ուկրաինան խոչընդոտ չէ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված տեսաուղերձում։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Ուկրաինայի նախագահի կայքում։

«Քիչ առաջ խոսեցի Մարկ Ռյուտեի հետ, մասնավորապես՝ PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության և հակաօդային պաշտպանության համար հրթիռներ գնելու մեր կարողության վերաբերյալ», – նշել է Զելենսկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությունն այն մասին, թե խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։

«Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական ​​աշխատանքի մասին. Ուկրաինան երբեք չի եղել և երբեք չի լինի խաղաղության խոչընդոտ», – ասել է Զելենսկին

Ըստ Ուկրաինայի ղեկավարի՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։

«Հենց ռուսական հրթիռները, ռուսական «Շահեդ»-ները (խմբ.՝ անօդաչու թռչող սարքեր) և Ռուսաստանի կողմից Ուկրաինան ոչնչացնելու փորձը հստակ ապացույց են այն բանի, որ Ռուսաստանը բոլորովին հետաքրքրված չէ համաձայնագրերով», – ասել է Վոլոդիմիր Զելենսկին։

Հունվարի 15-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայնել է Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։

«Կարելի է համաձայնել սրա հետ. սա իսկապես ճիշտ է», – ասել է Պեսկովը։

Reuters-ի հետ հարցազրույցում հարցին, թե ինչու ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս