ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում չի բացառել Իրանի դեմ որևէ գործողություն
Միացյալ Նահանգները կանգնած է «Իրանի քաջարի ժողովրդի» կողքին, և նախագահ Դոնալդ Թրամփը «հստակեցրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ կոտորածը դադարեցնելու համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը։
«Իրանական ռեժիմի կողմից իր սեփական քաղաքացիների և սեփական ժողովրդի դեմ սանձազերծված բռնության մակարդակը, ճնշումների այս մակարդակը հետևանքներ ունի միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ուոլցը նշել է, որ Իրանի ժողովուրդը պահանջում է իր ազատությունը, ինչպես երբեք չի եղել Իսլամական Հանրապետության պատմության մեջ։
«Նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ն կանգնած են Իրանի քաջարի ժողովրդի կողքին», – նշել է նա՝ հավելելով, որ «անկախ իր արդարացումներից, ռեժիմն է միակ պատասխանատուն Իրանի ժողովրդի տնտեսական տառապանքի համար և պատասխանատվություն կկրի»։
«Նախագահ Թրամփը գործողություն իրականացնող մարդ է, այլ ոչ թե անվերջ խոսող, ինչպես մենք տեսնում ենք Միավորված Ազգերի Կազմակերպությունում։ Նա հստակեցրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են՝ կոտորածը դադարեցնելու համար», – ասել է Ուոլցը։
Նա մերժել է Իրանի կողմից հնչող մեղադրանքները, թե բողոքի ցույցերն «արտաքին դավադրություն են՝ ռազմական գործողությունների նախանշան տալու համար»։
«Աշխարհում բոլորը պետք է իմանան, որ ռեժիմն ավելի թույլ է, քան երբևէ, և, հետևաբար, այս սուտը տարածում է փողոցներում գտնվող իրանցի ժողովրդի ուժի պատճառով։ Նրանք վախենում են։ Նրանք վախենում են իրենց սեփական ժողովրդից», – ընդգծել է Ուոլցը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաև Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննադատելով Իրանին հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի սպառնալիքները։
Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
