Բաժիններ՝

ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն

Եվրոպական միության իշխանությունները չեն բացառում Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Եվրահանձնաժողովի ղեկավարը մասնակցում է ԵՄ հանձնակատարների կոլեգիայի երկօրյա նիստին, որը հունվարի 15-ին մեկնարկել է Կիպրոսում:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա սպասում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական միջամտություն Իրանի գործերին, ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Ես չեմ կարող մեկնաբանել այլ երկրների գործողությունները. դա նրանց գործն է: Բայց մենք իրոք քննարկում ենք Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը»:

Եվրահանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցները դիմել են ԵՄ իշխանություններին՝ պատժամիջոցների ցանկում իրենց երկրից նոր անձանց ներառելու խնդրանքով: Նա նաև հայտարարել է, որ «շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում Իրանում», և խոստացել է ընդառաջել ցուցարարների խնդրանքներին:

«Այո, մենք կանենք դա», – հայտարարել է ֆոն դեր Լայենը:

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հրավերով հունվարի 15-ին արտակարգ նիստ է անցկացվել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս