Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդից ընդունել է նրա Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, որը նրան է նվիրել Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը։ Այս մասին Թրամփը հայտնել է իր Truth Social հարթակում։
«Մեծ պատիվ էր այսօր հանդիպել Վենեսուելայից Մարիա Կորինա Մաչադոյին։ Նա հրաշալի կին է, որը շատ բանի միջով է անցել։ Մարիան ինձ նվիրեց իր Խաղաղության նոբելյան մրցանակն իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի հրաշալի ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա», – գրել է ԱՄՆ նախագահը։
Reuters-ը նշում է, որ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահել մեդալը։
Մաչադոն իր հերթին հանդիպումը գնահատել է «գերազանց»՝ նշելով, որ այդ նվերով նա տուրք է մատուցում Վենեսուելայի ժողովրդի ազատությանը Թրամփի հանձնառությանը։
Չնայած Մաչադոն Թրամփին է նվիրել ոսկե մեդալը, որը տրվում է Նոբելյան մրցանակի դափնեկիրներին, այնուամենայնիվ, մրցանակը շարունակում է մնալ Մաչադոյինը։ Նոբելյան ինստիտուտը հայտնել է, որ մրցանակը չի կարելի փոխանցել, կիսել որևէ մեկի հետ և չի կարելի դրանից հրաժարվել։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը հատուկ գործողության ժամանակ ձերբակալելուց և ԱՄՆ տեղափոխելուց հետո Թրամփը հրաժարվել էր Մաչադոյին նշանակել Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարենը այդ պաշտոնում նշանակելով երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։
Մաչադոյին Խաղաղության Նոբելյան մրցանակ էր շնորհվել հոկտեմբերին։ Նոբելյան հանձնաժողովը նշել էր, որ որպես Վենեսուելայի ժողովրդավարական շարժման առաջնորդ՝ Մարիա Կորինա Մաչադոն վերջին ժամանակներում Լատինական Ամերիկայում «քաղաքացիական քաջության ամենաարտասովոր օրինակներից մեկն է»։
