Առնո Բաբաջանյանի 105-ամյակի առթիվ Երևանում կոմպոզիտորին նվիրված համերգ կկազմակերպվի
Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 105-ամյակի առթիվ հունվարի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ։
Համերգին ելույթ կունենան Սրբուկը, Անուշ Բադալյանը, Հայկ Պետրոսյանը, Տիգրան Քախվեջյանը, Արամ Մելիքյանը։
Երգիչները հանդես կգան «Արմ. սթրոնգ» նվագախմբի նվագակցությամբ. գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Գյոդակյան։ Համերգի հաղորդավար՝ Կարեն Քոչարյան։
Երեկոյին կհնչեն Բաբաջանյանի ամենահայտնի և սիրված ստեղծագործությունները՝ յուրօրինակ մշակումներով, նոր հնչողությամբ ու կատարումներով։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում ազգային երաժշտական արմատների և ժամանակակից երաժշտական լեզվի համադրությամբ։ Նա հեղինակ է ինչպես սիմֆոնիկ և կամերային գործերի, այնպես էլ հանրաճանաչ երգերի, որոնք մինչ այսօր շարունակում են հնչել ու սիրված մնալ տարբեր սերունդների համար։ Յուրաքանչյուր կատարում կլինի սերունդներին կապող թել, որը հիշեցնելու է, որ իսկական երաժշտությունը երբեք չի կորցնում իր ուժն ու միշտ ապրում է։
Առնո Բաբաջանյանը՝ հայ երաժշտության լուսաշող նվիրյալը, թողել է ստեղծագործական ժառանգություն, որն այսօր էլ ապրում է ու շարունակում է ոգեշնչել։ Նրա մեղեդիներում կա և՛ հայրենասիրություն, և՛ սեր, և՛ մարդկային հոգու անկեղծություն։
«Առնո Բաբաջանյան 105» խորագրով հոբելյանական համերգը խոստանում է վերածվել անմոռանալի երաժշտական տոնի, որտեղ անցյալը կհանդիպի ներկային, իսկ Բաբաջանյանի հոգեպարար մեղեդիները նորից կբարձրանան բեմ՝ ապրեցնելով սրտեր ու հիշողություններ։
