Ֆոն դեր Լայենը հույս ունի վարկի առաջին մասնաբաժինն Ուկրաինային փոխանցել ապրիլին
Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո եվրոպական վարկի առաջին մասը պլանավորվում է փոխանցել ապրիլին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք հույս ունենք, որ մեր առաջարկն արագ կերպով կհաստատվի Եվրոպական խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից։ Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք առաջին մասնաբաժինը փոխանցել ապրիլին», – ասել է նա։
Նա հավելել է, որ հունվարի 14-ին ավելի վաղ Եվրահանձնաժողովում հավանություն են տվել 2026 և 2027 թվականներին Ուկրաինային օգնելու համար վարկ տրամադրելու վերաբերյալ առաջարկությունների իր տարբերակին։ Պաշտոնյայի խոսքով՝ այս նախաձեռնությանը մասնակցում են ԵՄ 27 երկրներից 24-ը։ Ֆոն դեր Լայենը հիշեցրել է, որ Ուկրաինային հարկ չի լինի մարել վարկը, եթե նա Ռուսաստանից փոխհատուցում չստանա ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում կրած վնասի համար։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինային օգնելու համար Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործելու վերաբերյալ 2025 թ. վերջին ձևակերպված առաջարկը «մնում է օրակարգում» այն դեպքում, եթե ԵՄ երկրները որոշեն վերադառնալ այս տարբերակի քննարկմանը։
2025 թ. դեկտեմբերին ԵՄ ղեկավարները որոշեցին առայժմ չօգտագործել ռուսական ակտիվները Ուկրաինային օգնելու համար։ Դրա փոխարեն նրանք առաջարկեցին Կիևին վարկ հատկացնել ԵՄ-ի բյուջեից։
