«TRIPP»-ն անհրաժեշտություն ունի համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով ընդունվելու. Սուրեն Սուրենյանց
Այսօր տված իր ասուլիսի ընթացքում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ «TRIPP»-ի վերաբերյալ Ռուբիո-Միրզոյան համատեղ հայտարարությանը:
«Այս փաստաթղթով Հայաստանը ոչ թե տնտեսական սուբյեկտ է, այլ տարածաշրջանային տարանցիկ տարածք, որի միջոցով իրականացվելու են ավելի լայն աշխարհաքաղաքական օրակարգեր: Այս նախագիծը համապատասխանում է ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի շահերին և միջնաժամկետ հեռանկարում կոշտ հակազդեցության է հանդիպելու մեր առնվազն 4 գործընկերների կողմից՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել Թրամփ-Ալիև գործարք, որտեղ Նիկոլ Փաշինյանը բուտաֆորիայի դերում է եղել:
Վերջինս նշեց՝ անկախ հայտարարությունից՝ ինքը կասկածում է, որ այս նախագիծն իրականություն կդառնա, ինչպես չիրականացավ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը:
«Այս փաստաթղթում հիշատակում կա տրանսկասպյան առևտրային ուղու մասին, որը Միջին միջանցքն է, որը որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ՝ առաջացել է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները Եվրոպա տեղափոխելու համար Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ճանապարհը շրջանցելու նպատակով… Ես կարծում եմ, այս պայմաններում «TRIPP»-ն անհրաժեշտություն ունի համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով ընդունվելու, որովհետև էապես սահմանափակվելու է Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Մանրամասները՝ տեսանյութում:
