ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյայի ու ևս երկու անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հայաստանի քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ:

Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405.350 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև, Բագրատաշենի անցակետում հերթապահություն իրականացնող ՊԵԿ մաքսային տեսուչը, չկատարելով իր ծառայողական լիազորությունները, առանց վերը նշված տրանսպորտային միջոցի առկայությունը և իսկությունը ստուգելու, համապատասխան էլեկտրոնային տեղեկատվական համակարգում դիտավորությամբ մուտքագրել է կեղծ տեղեկություններ, թե իբր ավտոմեքենան 2024 թվականի հունվարի 12-ին արտահանվել է ՀՀ-ից, որպիսի պայմաններում քաղաքացին խուսափել է նախատեսված վարչական պատասխանատվությունից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտոնեական կեղծիք կատարելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Կաշառք տալու փորձի համար տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս