Հայաստանում ամերիկյան սարքավորումների առկայության մասին տեղեկություններ ինձ հայտնի չեն․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հայտնի չեն տեղեկություններ այն մասին, որ ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում արդեն իսկ Հայաստան են բերվել ամերիկյան սարքավորումներ։ Արտգործնախարարն այս մասին ասել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ինչ վերաբերում է այդ ամերիկյան սարքավորումներին, որոնք, ըստ լրագրողի, արդեն Հայաստանում են, ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի չեն», – պատասխանել է Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք ԹՐԻՓՓ-ի իրականացման կոնկրետ ժամկետներ, Միրզոյանն ասել է, որ առաջիկա ամիսներին հավանաբար անհրաժեշտ փաստաթղթերը կամբողջանան, և հուսով է, որ «ամռան վերջին կամ աշնան սկզբին կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն ունենալ»։

Մեկ այլ հարցի՝ եթե Ադրբեջանը կամ Թուրքիան սկսեն օգտագործել ԹՐԻՓՓ նախագիծը որպես ճնշման հավելյալ լծակ, ինչպե՞ս եք ապահովելու, որ այս նախաձեռնությունը չվերածվի շանտաժի մեխանիզմի Հայաստանի դեմ, Միրզոյանը պատասխանել է, որ լավ չի պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ԹՐԻՓՓ-ի իրականացումը օգտագործվի որպես շանտաժ Հայաստանի դեմ։

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ եթե լծակների հարթությունում հարցը դիտարկենք, մեկ ուրիշը կարող է ասել, որ ճիշտ հակառակը՝ Հայաստանն է ավելի շատ լծակներ ձեռք բերում, բայց այդպես չէ հիմա հարցը քննարկվում իրականում։ Ուզում եմ ասել, որ փոխկապակցվածություն, իհարկե, կա, և տեքստում էլ ես ընթերցեցի, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման հաջողության գրավական է դիտարկվում և՛ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալիզացումը, և՛ Թուրքիայի հետ ամբողջական կարգավորումը, և մեծ հաշվով՝ այս խաղաղության ինստիտուցիոնալիզացումը և ԹՐԻՓՓ-ի իրագործումը մեկը մյուսի պատճառն է և նաև հետևանքը։ Որքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան ավելի կմեծանան հնարավորությունները ԹՐԻՓՓ-ի իրականացման համար և դրանից բխող օգուտների համար, և որքան ավելի առաջ գնանք ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ, այնքան ավելի կամրապնդվի խաղաղությունը»,- նշել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում էին ունեցել Վաշինգտոնում, որից հետո հրապարակվել էր «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։

Տեսանյութեր

Լրահոս