Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ. CBS News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հունվարի 14-ին կհանդիպեն Դանիայի պաշտոնյաների հետ։ Այս մասին դիվանագիտական աղբյուրներն ասել են ամերիկյան CBS News-ին։
Հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։
Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է գնելու դանիական տարածքը։ Սպիտակ տնից բազմիցս հայտարարել են, որ դիտարկում են Գրենլանդիան ձեռք բերելու տարբեր տարբերակներ, այդ թվում և զինված ուժի միջոցով։
Թեմայի մասին հունվարի 11-ին կրկին խոսել էր նաև նախագահ Թրամփը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա դա կարող են անել Ռուսաստան կամ Չինաստանը, ինչն ինքը թույլ տալ չի կարող։ «Ես կուզեի նրանց (խմբ․- Գրենլանդիայի) հետ գործարք կնքել։ Դա ավելի հեշտ կլիներ։ Բայց այս կամ այն կերպ մենք ստանալու ենք Գրենլանդիան։ Եթե դա մեզ չհաջողվի հեշտ տարբերակով, ապա կանենք բարդ տարբերակով»,- ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։
Դանիայի իշխանությունները, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, բազմիցս հիշեցրել են, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները։
