Բաժիններ՝

Եվրոպական երկրները քննարկում են Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հարցը. The Telegraph

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ Գրենլանդիայում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ՝ հույս ունենալով, որ դա կհամոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել կղզու անեքսիայի գաղափարից։

Այս մասին գրում է The Telegraph-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ այս գաղափարը քննարկվել է հունվարի 8-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցները եվրոպական դաշնակիցների հրամանատարությանը հանձնարարել են քննարկել, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել Արկտիկայի անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ հնարավոր գործողությունը գտնվում է նախնական պլանավորման փուլում։ Այն կարող է ներառել զորքերի լիարժեք տեղակայում՝ Գրենլանդիան Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքներից պաշտպանելու համար, ինչպես նաև սահմանափակ ժամանակով զորավարժությունների, հետախուզական տվյալների փոխանակման, ռազմական կարողությունների զարգացման և պաշտպանական ծախսերի վերաբաշխման համադրություն։

Ցանկացած գործողություն, հավանաբար, կիրականացվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո և կլինի առանձին Բալթյան երկրներում և Լեհաստանում գործող առաքելություններից։

Ըստ The Telegraph-ի աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «չափազանց լուրջ» է վերաբերվում Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքին և համաձայն է, որ անհրաժեշտ են գործողություններ։ Աղբյուրները նաև հայտնում են, որ բրիտանական զինված ուժերը արդեն պատրաստվում են ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։

Ավելին, The Telegraph-ը տեղեկացել է, որ Եվրամիությունը մշակում է ամերիկյան ընկերությունների դեմ պատժամիջոցների ծրագրեր, եթե Թրամփը մերժի ՆԱՏՕ-ի ուժեր տեղակայելու առաջարկը։ Meta-ն, Google-ը, Microsoft-ը և X-ը, ինչպես նաև ամերիկյան բանկերն ու ֆինանսական ընկերությունները կարող են բախվել Եվրոպայում իրենց գործունեության սահմանափակումների։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս