Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Նեթանյահուի աշխատակազմի ղեկավարին ու խուզարկել նրա տունը
Կիրակի օրը ոստիկանությունը հարցաքննության համար բերման է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի ղեկավար Ցախի Բրավերմանին։ Նա կասկածվում է գերմանական Bild տաբլոիդին գաղտնի հետախուզական տվյալների արտահոսքի հետաքննությանը խոչընդոտելու փորձի մեջ, գրում է Times of Israel-ը։
Ոստիկանությունը հաստատել է վարչապետի օգնականին բերման ենթարկելու փաստը։
«Այսօր առավոտյան «Լահավ 433»-ի աշխատակիցները վարչապետի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյայի են բերման ենթարկել՝ քննչական գործողություններին խոչընդոտելու կասկածանքով»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ։
Ոստիկանության առանձնապես ծանր հանցագործությունների հետաքննության բաժնի քննիչները խուզարկություն են անցկացրել Բրավերմանի տանը և արդարադատությանը խոչընդոտելու կասկածանքով նրան հարցաքննել Լոդ ստորաբաժանման կենտրոնակայանում։
13-րդ ալիքը հայտնել է, որ ոստիկաններն առգրավել են Բրավերմանի հեռախոսը, ինչպես նաև գործով ցուցմունք տալու համար կանչել դատախազության ներկայացուցիչ Օմեր Մանսուրին։
Ավելի վաղ Նեթանյահուի մամուլի քարտուղար Էլի Ֆելդշտեյնը, որին մեղադրանք է առաջադրվել, հայտարարել էր, որ Բրավերմանը տեղյակ է եղել տեղեկատվության արտահոսքի գաղտնի հետաքննության մասին հանրայնացումից ամիսներ առաջ և նախկին օգնականին հավաստիացրել է, որ կարող է դադարեցնել այն։


