Բաժիններ՝

Վերջին քուրդ մարտիկները լքել են Հալեպը

Կիրակի օրը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) վերջին մարտիկները լքել են սիրիական Հալեպ քաղաքը։ Դա տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնագրի կնքումից հետո, որը հնարավորություն է տվել տարհանել մարդկանց մի քանի օր տևած մահաբեր բախումներից հետո, հայտնում է Ekhbariya հեռուստաալիքը։

Այս հեռացումը նշանակում է քրդական ուժերի դուրսբերում Հալեպի այն շրջաններից, որոնք նրանք վերահսկում էին 2011 թվականին Սիրիայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Միևնույն ժամանակ, քրդական ուժերը շարունակում են կառավարել կիսաինքնավար գոտին Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասում։

ՍԴՈՒ հրամանատար Մազլում Աբդին X սոցիալական ցանցում գրել է, որ միջազգային միջնորդությամբ խումբը փոխըմբռնման է հասել կրակի դադարեցման, ինչպես նաև Աշրաֆիա և Շեյխ-Մաքսուդ շրջաններից հյուսիսային և արևելյան Սիրիա խաղաղ բնակիչների ու մարտիկների անվտանգ տարհանման հարցում ։

ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ շաբաթվա սկզբին ողջունել էին կրակի դադարեցումը, սակայն քրդական ուժերը հրաժարվել էին լքել վերջին հենակետը՝ Շեյխ-Մաքսուդը։

Սիրիական բանակը հայտարարել է, որ ցամաքային գործողություն կիրականացնի այն մաքրելու համար, և շաբաթ օրը սանրել է շրջակայքը։

Ըստ Reuters-ի, այս շաբաթ տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով արդեն ավելի քան 140 000 մարդ ստիպված լքել է իր տունը։

ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը շաբաթ օրը հայտարարել է, որ Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ և բոլոր կողմերին կոչ արել «ցուցաբերել առավելագույն զսպվածություն, անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ երկխոսության»։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի թիմը պատրաստ է միջնորդ հանդես գալ։

Սիրիայի անվտանգության ծառայության երեք աղբյուր Reuters գործակալությանը հայտնել է, որ քուրդ մարտիկների մի խումբ, այդ թվում՝ մի քանի հրամանատարներ և նրանց ընտանիքի անդամներ, ուրբաթ լույս շաբաթ գիշերը գաղտնի դուրս են բերվել Հալեպից երկրի հյուսիս-արևելք։ Քրդական վարչակազմի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Իլհամ Ահմադը նույն ժամանակահատվածում ողջունել է «Շեյխ-Մաքսուդից արևելյան Սիրիա մարտիկների անվտանգ վերատեղակայման» գործարքը։

Թուրքիայի անվտանգության ծառայության աղբյուրները ակնարկել են քրդական խմբավորումների ներսում հնարավոր պառակտման մասին՝ հայտարարելով, որ Անկարան կապ է հաստատել քրդական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նշել փոխզիջման պատրաստակամության մասին՝ մասնավորապես նշելով Ահմադին ու Աբդիին։ Միևնույն ժամանակ, թուրքական աղբյուրները հայտնել են, որ մյուս մարտիկները նախընտրել են շարունակել պայքարը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031