Բաժիններ՝

Ֆիլհարմոնիան 2026-ը կմեկնարկի Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Անդրեա Չիկալեզեի համերգով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հունվարի 10-ին երաժշտասերներին կներկայանա 2026 թվականի առաջին համերգով։ Համերգասրահի բեմում կլինեն Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու միջազգային ճանաչում վայելող երիտասարդ ջութակահար Անդրեա Չիկալեզեն (Գերմանիա)։

Երեկոյին կհնչի դասական երաժշտության երկու գլուխգործոց՝ Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մինոր, ստ. 35 և Ֆրանց Շուբերտի թիվ 8 սիմֆոնիան («Անավարտ»)։

Համերգը կղեկավարի դիրիժոր Արմեն Կարճյանը։

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց՝ 1992 թվականի սկզբին, երբ ավերված քաղաքում մի խումբ երաժիշտներ ու մշակութային գործիչներ սեփական նախաձեռնությամբ ձեռնամուխ եղան պրոֆեսիոնալ նվագախմբի ստեղծմանը։

Այն պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին։ Նվագախումբը տարիներ շարունակ ակտիվ դեր է խաղում երկրի մշակութային կյանքում՝ իր բարձր կատարողական մակարդակով, ժամանակակից ու դասական լայն ռեպերտուարով և համագործակցություններով անվանի դիրիժորների ու մենակատարների հետ։

Անդրեա Չիկալեզեն համաշխարհային երաժշտական ասպարեզում արագ վերելք ապրող երիտասարդ ջութակահար է, որն արդեն հասցրել է գրավել միջազգային մամուլի և մասնագիտական հանրության ուշադրությունն իր յուրահատուկ երաժշտականությամբ ու վիրտուոզ տեխնիկայով։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հանդես է գալիս որպես մենակատար աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Համբուրգի Էլբֆիլհարմոնիայում, Ցյուրիխի Տոնհալլեում, Թուրինի RAI համերգասրահում և այլուր։

2025 թվականին Անդրեան պայմանագիր է կնքել Sony Classical լեյբլի հետ և ներկայումս նվագում է 1731թ. Guarneri del Gesù ջութակով՝ տրամադրված Adopt a Musician միջազգային բարեգործական նախաձեռնության կողմից։ Համագործակցում է առաջատար դիրիժորների և նվագախմբերի հետ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչպես նաև մշտական հյուր է հեղինակավոր միջազգային փառատոների՝ դիրքավորվելով որպես իր սերնդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս