Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը. Սուրեն Սարգսյան
Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների։
Այսինքն, ոչ թե Հայաստանը բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այդ փոփոխությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում՝ ոչ թե Հայաստանի շահերից ելնելով կամ «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում։
Այն փաստը, որ Թրամփի խորհրդական Վիտկոֆը մարտին Հայաստան չայցելեց, այլ բանակցությունների նպատակով մեկնեց միայն Բաքու, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը գործընթացում կրավորական դեր էր ստանձնել և Երևանին որևէ բան ասելու անհրաժեշտություն պարզապես չկար։ Ակնհայտ է, որ Հայաստանը բավարարել է և շարունակում է բավարարել զիջումների լայն շրջանակ և եթե 2024 թվականի սկզբի և վերջի միջև իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, ապա դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի իշխանությունների գործունեության հետ։ Խոսքը մաքուր աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, որը ուղղորդվում է Թրամփի կողմից՝ ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանության շրջանակում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Կովկաս, Թուրքիա և Եվրոպա։
Միաժամանակ, իրավիճակի որոշակի կայունացումը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած պաշտոնական խոսույթից մինչև կոնկրետ գործողություններ։ Հետևաբար, տեղի ունեցած գործընթացներում վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ի՝ Թրամփի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս ամենի հետ փաստացի որևէ առնչություն չունեն և չէն էլ կարող ունենալ»,-գրել է նա։
