Բաժիններ՝

Վենեսուելայում ընտրությունների անցկացման համար ժամանակ կպահանջվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ժամանակ» և «վերականգնում» կպահանջվի, մինչև Վենեսուելայում կկարողանան ընտրություններ անցկացնել։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Բայց ամենից առաջ մեզ որոշ ժամանակ կպահանջվի…. Մենք պետք է վերականգնենք երկիրը», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Վենեսուելայի քաղաքական ապագային վերաբերող հարցին։

Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն Վենեսուելայում իր գործողությամբ «կայունություն է բերել տարածաշրջանում»։

Նախագահը նաև հայտնել է, որ մտադիր է արդեն հունվարի 9-ին հանդիպում անցկացնել 14 խոշոր նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք, նրա խոսքով, «կմտնեն Վենեսուելա» և կօգնեն վերականգնել լատինամերիկյան երկրի նավթային ոլորտը։

Բացի այդ, Թրամփը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում կանցկացնի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի հետ, որը ժամանելու է ԱՄՆ. Թրամփը նրան բնութագրել է որպես «հաճելի մարդ»։

Ավելի վաղ Թրամփը The New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Վենեսուելայի անցումն ինքնուրույն կառավարման շուտ չի ավարտվի։

Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ ԱՄՆ-ն վերահսկողություն կպահպանի Վենեսուելայի նկատմամբ՝ վեց ամիս, թե մեկ տարի, Թրամփը պատասխանել էր. «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս