Իրանում ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը

Իրանում հիպերինֆլյացիայի և իրանական ռիալի փոխարժեքի աննախադեպ անկման պատճառով սկսված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Ցուցարարները դուրս են եկել Թեհրանի և այլ խոշոր քաղաքների փողոցներ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ ըստ նորվեգական Iran Human Rights կազմակերպության տվյալների՝ զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում՝ 8 անչափահաս։ Իրանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին 21 զոհի մասին, որոնք շարքում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։

BBC-ն, վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին, հաղորդում է, որ ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Ըստ այդ կազմակերպությունների տվյալների՝ առնվազն 34 ցուցարար է զոհվել, այդ թվում՝ 5 երեխա։ Բացի այդ, զոհվել է 8 իրավապահ։ 2270 ցուցարար ձերբակալվել է։

Ըստ բրիտանական NetBlocks կազմակերպության՝ Իրանի իշխանությունները գրեթե ամբողջովին արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Cloudflare IT-ընկերության տվյալներով՝ հունվարի 8-ին Իրանում ինտերնետ թրաֆիկն 90%-ով նվազել է։

Ցույցերը մեծ թափ են ստացել հունվարի 8-ի երեկոյան։ Սրանից ոչ շատ առաջ Ռեզա Փահլավին, որն այժմ ապրում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, և որի հայրը գահընկեց էր արվել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ, իրանցիներին կոչ է արել «դուրս գալ փողոց և միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին»։ X-ում գրառման մեջ Փահլավին նշել է, որ միլիոնավոր իրանցիներ պահանջում են իրենց ազատությունը։

Փահլավին նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը «պատասխանատվության է ենթարկում ռեժիմին», և եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը։

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031