ԱՄՆ-ում ցույցեր են անցկացվում գործակալների կողմից կնոջ սպանության պատճառով
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացվում Միգրացիոն և մաքսային ոստիկանների (ICE – US Immigration and Customs Enforcement) կողմից Մինեսոտայում կնոջ սպանության պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Միջադեպից հետո ցույցեր են տեղի ունեցել Մինեապոլիսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Սիեթլում, Ֆինիքսում, Օռլանդոյում և այլուր։
37-ամյա Ռենե Գուդը, որը երեք երեխաների մայր էր, սպանվել է հունվարի 7-ին։ Նա կամավորագրվել էր քաղաքացիական անձանցից կազմված պարեկության խմբին, որը հետևում էր Մինեապոլիսում ICE-ի աշխատանքին։
Այս շաբաթ Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս և Սեյնթ Փոլ քաղաքներ էր ուղարկվել 2000 դաշնային սպա։ Կնոջ վրա կրակած սպան նրանցից մեկն է եղել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ դիտել է տեսանյութը, որում ICE-ի սպան ինքնապաշտպանվում էր, քանի որ կինը մեքենան վարում էր նրա վրա։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ չնայած տեղի ունեցածը ողբերգություն է, սակայն կինը խախտում էր օրենքը, և ICE-ի սպան լուրջ հիմքեր ուներ մտածելու, որ գտնվում է սպառնալիքի տակ։
Եվս մեկ նման միջադեպ է տեղի ունեցել Օրեգոնի նահանգի Փորթլենդ քաղաքում։ Ըստ CNN-ի՝ սահմանապահ գործակալը կրակել և վիրավորել է երկու մարդու՝ ամուսնու և կնոջ։ Գործակալները փորձել են կանգնեցնել մեքենան՝ կասկածելով, որ այնտեղ գտնվում է ավազակախմբի անդամ։
Փորթլենդի քաղաքապետը դատապարտել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ քաղաքն այժմ պայքարում է դաշնային գործակալների առաջացրած բռնության դեմ։
Փորթլենդում ևս հարյուրավոր մարդիկ են հավաքվել իրենց քաղաքում և Մինեապոլիսում տեղի ունեցած հրաձգություններից հետո։
