Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի մասնատմանը. Դանիայի վարչապետ
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի կարծիքով՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:
«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կավարտվի»,- լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հունվարի 6-ին հայտարարել է Ֆրեդերիկսենը։
Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ ձեռնարկելիք ուժային գործողության աղետալի հետևանքների մասին զգուշացրել է նաև այդ կղզու Կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։
Դանիայի և Գրենլանդիայի վարչապետների հայտարարությունները հնչել են Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության խորապատկերում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պաշտպանական նպատակներով։
