ԱՄՆ հարձակումը Վենեսուելայի վրա հարձակում էր ՄԱԿ-ի ու միջազգային կարգի վրա. Ջեֆրի Սաքս

ԱՄՆ ռազմական հարձակումը Վենեսուելայի վրա հարձակում էր միջազգային կարգի, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և խաղաղության վրա, որը չափազանց վտանգավոր է դարձնում ամբողջ աշխարհը։

Այս մասին Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում https://youtu.be/LhZuTOuwKGA?si=5F39TjmAHa0Gq7aB հայտարարել է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Դ. Սաքսը՝ խոսելով Վենեսուելայի վրա ԱՄՆ ռազմական հարձակման ու ամերիկյան զինուժի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման մասին։

«Անշուշտ, սա աղաղակող անօրինական գործողություն է, բայց այն ընդամենը մեկն է ամերիկյան աղաղակող ապօրինի գործողությունների երկար շարքում, և վերջին օրերին Թրամփն ամեն օր մի երկրի սպառնում էր։ Նախորդ շաբաթ նա ռմբակոծեց Նիգերիան, նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կներխուժի Իրան, եթե Իրանի կառավարությունն այնպիսի գործողություններ ձեռնարկի ցուցարարների դեմ, որոնք դուր չգան Թրամփին։ Նա ներխուժեց Վենեսուելա, իսկ բոլորովին վերջերս նա նշանակեց Գրենլանդիայի հարցով հատուկ բանագնաց՝ հայտարարելով, որ «Գրենլանդիան մերն է լինելու»։ Սա սպառնալիք է Եվրոպայի դեմ, որը Եվրոպան նույնիսկ չի էլ ճանաչում», – մեկնաբանել է Ջեֆրի Սաքսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ոչ թե սահմանադրական կարգն է գործում, այլ միլիտարիստական պետության կարգը.

Կարդացեք նաև

«Մենք չենք ենթարկվում ԱՄՆ սահմանադրությանը, ամեն ինչ իրականացվում է գործադիր որոշումներով, և եթե կոնգրեսականներից որևէ մեկը համարձակվում է հիշատակել ԱՄՆ սահմանադրությունը, Թրամփը ծաղրում է նրան։ Այն, ինչ արեց Թրամփը, ցույց է տալիս այն փաստը, որ մենք հասել ենք սահմանադրական իշխանության վերջին ԱՄՆ-ում։ Ինչ է տեղի ունենում, երբ դրան փոխարինում է կառավարման ավազակային սկզբունքը, ցույց կտա ժամանակը»։

Սաքսի խոսքով՝ Միացյալ Նահանգների այս քաղաքականությունն ու հարձակումը Վենեսուելայի վրա չափազանց վտանգավոր է դարձնում ամբողջ աշխարհը։

Պրոֆեսորը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Միացյալ Նահանգների կողմից տարբեր երկրներում ռեժիմների փոփոխության մոտ 100 օպերացիաների ամբողջ պատմությունը արյունահեղության, բռնությունների, ապակայունացման, հեղաշրջումների, քաղաքական սպանությունների, քաղաքացիական պատերազմների արձանագրություն է, այնպես որ, այն, ինչ տեսանք Վենեսուելայում, վստահաբար վենեսուելական այս դրամատիկ պատմության վերջը չէ՝ հաշվի առնելով, որ այս երկրի կառավարությունը մնում է իր տեղում, երկրում կան զորքեր, հասարակության մոբիլիզացված հատված և բազմաթիվ զինված մարդիկ։

Պրոֆեսոր Գլեն Դիզենն իր հերթին շեշտել է՝ սա չհրահրված ու անօրինական հարձակում էր Վենեսուելայի վրա։

Խոսելով Եվրոպայի դիրքորոշման մասին՝ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը նշել է, որ հունվարի 3-ը շատ տխուր օր էր մասնավորապես Գլեն Դիզենի հայրենի երկրի՝ Նորվեգիայի համար։ Սաքսը հեգնանքով առաջարկել է Խաղաղության Նոբելյան մրցանակը վերանվանել Պատերազմի Նոբելյան մրցանակ՝ հաշվի առնելով, որ 2025 թվականին Նոբելյան հանձնաժողովը Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհեց Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոյին, որը Միացյալ Նահանգներին կոչ էր անում անել այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ հունվարի 3-ին։

«Սա ողբերգություն է այն երկրների, կառավարությունների և հաստատությունների համար, որոնք մի ժամանակ խոսում էին միջազգային իրավունքի մասին։ Եվրոպական արձագանքը շատ ողորմելի էր», – ընդգծել է պրոֆեսորը։

Այսպիսով, Ջեֆրի Սաքսն արձանագրում է, որ Եվրոպան լուռ է, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը հետևում են իրադարձություններին և հայտարարել են, որ չեն պատրաստվում միջամտել։ Բոլոր դեպքերում, ինչպես նշում է պրոֆեսորը՝ այն, ինչ տեղի ունեցավ, ևս մեկ քայլ էր դեպի Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո հաստատված միջազգային հաստատությունների և ՄԱԿ-ի ու միջազգային իրավունքի համակարգում ներդրված աշխարհակարգի ապամոնտաժում։

Ջեֆրի Սաքսի գնահատմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր նույն վիճակում է, ինչ Ազգերի լիգան էր 1930-ականների վերջին։

 «Ես չգիտեմ, թե ինչպես կարձագանքի Եվրոպան, երբ Միացյալ Նահանգները ներխուժի Գրենլանդիա, բայց չզարմանաք, երբ դա տեղի ունենա։ Թրամփը հայտարարել է այդ մասին։ Դա շատ հավանական է։ Մի օր Թրամփը ազգային արտակարգ իրավիճակ կհայտարարի, և Գրենլանդիան կօկուպացվի», – հավելել է Ջեֆրի Սաքսը։

Տեսանյութեր

Լրահոս