Իրանում այսօրվանից գործելու է միայն մեկ փոխարժեք
Իրանից հայտնում են, որ այսօրվանից երկրում գործելու է միայն մեկ փոխարժեք։ Բայց կա բացառություն․ դեղորայքի և ցորենի գնման համար շարունակելու է գործել 285 000 ռիալի (=28500 թուման) արտոնյալ փոխարժեքը։ Այս մասին տեղեկանում ենք «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից:
Ինչպես գիտենք, Իրանում կար երկու փոխարժեք՝ շուկայականը և պաշտոնական-արտոնյալը։ Վերջինս 42 հազար ռիալ էր և սահմանվել էր 2018-ին՝ բացառապես առաջնային նշանակության պարենամթերքի ու դեղորայքի գնման համար։ Էբրահիմ Ռայիսիի կառավարության օրոք դա փոխարինվեց 285 000 ռիալի փոխարժեքով։ Կրճատվեց նաև այդ փոխարժեքով գնվող ապրանքների ցանկը։ Հիմա փաստացի այդ ցանկից թողնում են միայն ցորենն ու դեղորայքը։
Ըստ Իրանի իշխանությունների՝ արտոնյալ փոխարժեքը չի արդարացրել իրեն և չարաշահումների, կոռուպցիայի, սուբսիդիաների վատնման ու հարակից այլ խնդիրների պատճառ է դարձել։
Միաժամանակ 28500 թուման փոխարժեքի սահմանափակումն առաջացնում է մտավախություն, որ առաջնային նշանակության ապրանքները կարող են թանկանալ։ Այդ ռիսկը մեղմելու նպատակով Իրանի կառավարությունը սոցապահովման նոր ծրագիր է մեկնարկել, որով ընտանիքի յուրաքանչյուր անդամ ( շուրջ 80 մլն մարդ՝ բնակչության 90 տոկոսը) ամսական 1 մլն թումանի էլեկտրոնային կուպոն է ստանալու և հատուկ խանութներում կարող է գնումներ կատարել դրանցով։
Ըստ կառավարության՝ այս մոտեցմամբ առաջնային նշանակության ապրանքների սուբսիդիան այլևս ուղղակիորեն փոխանցվում է բնակչությանը՝ նպատակ ունենալով մեղմել հնարավոր թանկացումների հետևանքները և պահպանել գնողունակությունը։
Նման քաղաքականություն Իրանի իշխանությունները գործադրել էին նաև 2019թ․ բենզինի գնի թանկացման ցույցերից հետո, երբ լրացուցիչ սոցիալական աջակցություն էին տրամադրել 18 մլն ընտանիքի՝ շուրջ 60 մլն մարդու։
Ըստ էության, Իրանի իշխանությունները շարունակում են խնդիրներին արձագանքել հավելյալ սուբսիդիաներով՝ առաջարկելով ժամանակավոր և առավելապես կոսմետիկ լուծումներ, մինչդեռ բուն խնդիրը չի վերանում, ավելին՝ ստեղծվում է նոր բեռ պետական բյուջեի համար։
Իսկ ինչ վերաբերում է ցույցերին, դրանք վերջին օրերին հաճախակի են դարձել գիշերային ժամերին և որոշ շրջաններում ուղեկցվել են բախումներով։
Ըստ շրջանառվող տվյալների՝ ձերբակալվել է առնվազն 990 քաղաքացի, մահացել է 19 ցուցարար, 1 իրավապահ։ Ցույցերն ընդգրկել են 26 նահանգ։ Իրանի իշխանությունները շարունակում են հայտնել ցուցարներին լսելու իրենց պատրաստակամությունը՝ միաժամանակ ընդգծելով «խռովարարներին» խաղաղ ցուցարարից զատելու անհրաժեշտությունը։
Այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից սպառնացել է Իրանին։ «Եթե նրանք նախկինի պես սպանեն մարդկանց, իմ կարծիքով, ԱՄՆ կողմից շատ ծանր հարվածի կարժանանան»,-ասել է Թրամփը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հայտարարել է, որ Իրանի ցուցարարների կողքին են։
Ամեն դեպքում, ցույցերն իրենց ուժգնությամբ դեռ զիջում են նախկին խոշոր ակցիաներին։ Պարզապես հիմա դրանց նկատմամբ կա մեծ զգայունություն թե՛ Իրանի ներսում, թե՛ Իրանից դուրս, ինչն էլ դրանց հավելյալ նշանակություն ու կշիռ է հաղորդում։
