Իսրայելը և Սիրիան ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ կանցկացնեն Փարիզում. Axios
Սիրիայի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 5-ին կհանդիպեն Փարիզում՝ վերսկսելու նոր անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի և մեկ այլ լավատեղյակ աղբյուրի։
Տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սիրիայի հարցով բանագնաց Թոմ Բարաքը կմիջնորդի բանակցությունների նոր փուլի անցկացման հարցում։
Բանակցությունները կտևեն երկու օր, դրանց կմասնակցեն Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին, ինչպես նաև իսրայելցի բանակցողների նոր խումբ։ Մասնավորապես հայտնի է, որ Փարիզում կայանալիք հանդիպումից առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նշանակել է նոր բանակցային թիմ՝ Վաշինգտոնում դեսպան Եչիել Լեյթերի գլխավորությամբ։ Նախատեսվում է նաև Նեթանյահուի ռազմական խորհրդական, գեներալ Ռոման Գոֆմանի, ով առաջադրվել է «Մոսադ» հետախուզական գործակալության ղեկավարի պաշտոնում, ինչպես նաև Նեթանյահուի ազգային անվտանգության գծով ժամանակավոր խորհրդական Գիլ Ռեյխի մասնակցությունը բանակցություններին։
Սա Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունների հինգերորդ փուլն է։
Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի և Սիրիայի վրա՝ համաձայնության հասնելու համար, որը կկայունացնի անվտանգության իրավիճակը երկու երկրների սահմանին։ Բանակցությունների վերսկսումը նախագահ Թրամփի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված խնդրանքի ուղղակի արդյունքն է, երբ նրանք հանդիպել էին նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում։
