Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն խոսել քրիստոնյաներին պաշտպանելու մասին, եթե այն պատրաստ է անտեսել հայ քրիստոնյաների էթնիկ զտումները նպատակահարմարության համար․ Christian Daily
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում H.R. 6534 օրինագծի ներկայացումը, որը առաջարկում է չեղարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության երկարատև սահմանափակումները, բարձրացնում է մի հարց, որը գերազանցում է աշխարհաքաղաքականությունը և էներգետիկ միջանցքները: Այն բարոյական փորձություն է՝ արդյոք Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա՞ հալածված քրիստոնյաներին և խոցելի կրոնական համայնքներին պաշտպանելու իր պատմական առաքելությանը, թե՞ այդ ժառանգությունը կփոխանակի կարճաժամկետ ռազմավարական հարմարության համար․ գրել է Christian Daily -ին։
Կայքը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի Ադրբեջանի գործողությունները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայ քրիստոնյաների հարկադիր տեղահանմանը։ Հին եկեղեցիները պղծվել են, գերեզմանատները՝ ոչնչացվել, և հազարամյակների քրիստոնեական ներկայությունը գրեթե մեկ գիշերվա ընթացքում վերացվել է։ Միջազգային դիտորդները, մարդու իրավունքների կազմակերպությունները և ցեղասպանագետներն այս իրադարձությունները որակել են։ որպես էթնիկ զտում։
Ըստ պարբերականի՝ եթե Միացյալ Նահանգները վերացնի սահմանափակումները, դա կուղարկի ավերիչ ուղերձ, որ քրիստոնյաների հեռացումն իրենց նախնիների հայրենիքից որևէ հետևանք չի կրում։
Ամերիկացի նախագահները պարբերաբար խոսում են Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում քրիստոնյաներին պաշտպանելու պարտականության մասին: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի հայերը բացառություն չեն: Ամեն դեպքում՝ նրանք ներկայացնում են ամենացայտուն դեպքերից մեկը, երբ փոքր, հին քրիստոնեական համայնքը բախվում է շատ ավելի ուժեղ պետության կողմից համակարգված ճնշմանը:
Սահմանափակումների չեղարկման կողմնակիցները վիճում են ռազմավարության, էներգետիկ անվտանգության, աշխարհաքաղաքականության, լոգիստիկ միջանցքների լեզվով: Սակայն քրիստոնեական էթիկան սովորեցնում է, որ առանց բարոյականության ռազմավարությունը դատարկ է:
«Ինչպե՞ս կարող է Միացյալ Նահանգները հավաստիորեն խոսել Նիգերիայում, Սիրիայում կամ Իրաքում քրիստոնյաներին պաշտպանելու մասին, եթե այն պատրաստ է անտեսել հայ քրիստոնյաների էթնիկ զտումները՝ նպատակահարմարության համար: Ավելին, Ադրբեջանին հիմա պարգևատրելը կստեղծի նախադեպ և կսովորեցնի ավտորիտար ռեժիմներին, որ ռազմական ուժը, կրոնական հալածանքները և ժողովրդագրական ոչնչացումը ընդունելի գործիքներ են, քանի դեռ նրանք հռետորաբանորեն համաձայնեցված են ԱՄՆ շահերի հետ», – գրել է կայքն՝ ընդգծելով, որ Կոնգրեսը պետք է մերժի 6534 բանաձևը։
