Եվրոպան քննարկում է շուրջ 15 հազ․ զինծառայող ուղարկել Ուկրաինայում հնարավոր հրադադարի վերահսկման համար
Մի քանի եվրոպական պետություններ Ուկրաինայում հնարավոր հրադադարի ռեժիմն ապահովելու ծրագրեր են մշակել։ Ինչպես հայտնում է Welt պարբերականը, համաձայնությունների ձեռքբերումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում Եվրոպան կարող է 10–15 հազար զինծառայող ուղարկել։
Ըստ պարբերականի տվյալների, խոսքը վերաբերում է հենց եվրոպական երկրների ռազմական ներկայությանը, այլ ոչ թե ՄԱԿ-ի կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո առաքելությանը։ Նախատեսվում է, որ այդ զորախումբը կօգտագործվի իրավիճակի կայունացման և հրադադարի պայմանների պահպանման վերահսկման համար, տեղեկացնում է Bild-ը։
Welt-ը նշում է, որ այս ծրագրերը «հիմնականում մշակվել են բրիտանական և ֆրանսիական զինված ուժերի ռազմական փորձագետների կողմից՝ համագործակցելով Բրյուսելի հետ»։ Հստակ չի նշվում, թե որ երկրները կմասնակցեն և ինչ ձևաչափով կարող է իրականացվել հնարավոր առաքելությունը։
