Գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական բազմակողմ հարաբերությունների զարգացման համար. Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին
Անցնող տարում Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության գործող մեխանիզմները շարունակել են համակարգված և հետևողական աշխատանքը։ Երկկողմ հարաբերությունների կամերտոնը եղել է երկու երկրների ղեկավարների միջև ակտիվ երկխոսությունը։ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ավանդական ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ ամփոփելով տարվա արդյունքներն ու նախանշելով ապագայի ծրագրերը։
Ռուս դիվանագետը շեշտել է, որ մեր երկու երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։
«Տարվա արդյունքներով Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար տնտեսական և ներդրումային գործընկերոջ, հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դրանում պակաս դեր չի խաղացել նաև համագործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների, նախևառաջ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որի անդամակցությունը Հայաստանին բերում է շոշափելի տնտեսական օգուտներ»,- նշել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների հիմնասյուներից մեկը շարունակել են մնալ մշակութային, հումանիտար և համամարդկային շփումները։ Կոպիրկինը հիշեցրել է, որ 2025 թվականին մենք միասին նշել ենք Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ մեր պապերի ու նախնիների սխրանքը շարունակում է սրբազան լինել մեր ժողովուրդների համար։ Շեշտել է՝ այսօր մեր պարտքն է պահպանել և բազմապատկել ընդհանուր պատմական ժառանգությունը և փոխանցել ապագա սերունդներին։
«Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն ու արդար խաղաղության և անվտանգության հաստատմամբ, տարածաշրջանի երկրների դինամիկ զարգացմամբ և բարօրությամբ։ Պատրաստ ենք պահանջված ներդրում ունենալ Անդրկովկասում կայունության ամրապնդման, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների և առևտրատնտեսական կապերի վերականգնման գործում»,- շեշտել է ռուս դիվանագետը։
Դեսպան Կոպիրկինը վստահություն է հայտնել, որ գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները ռուս-հայկական բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների։
