Բաժիններ՝

Ջեֆրի Էփշտեյնի «կոնվեյերային բիզնեսը»․ զոհերի թվում եղել են 14-ամյա աղջիկներ

ԱՄՆ արդարադատության նախարարության վերջերս հրապարակված փաստաթղթերը նոր լույս են սփռում սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի համար դատապարտված հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հանցագործությունների վրա, գրում է The Guardian-ը։

Թափանցիկության մասին օրենքի համաձայն գաղտնազերծված նյութերը ցույց են տալիս, որ 2002-2005 թվականներին անչափահասների նկատմամբ սեռական բռնությունը Էփշտեյնի համար ոչ թե եզակի երևույթ էր, այլ համակարգված կազմակերպված գործընթաց։

Փաստաթղթերը մանրամասներ են պարունակում այն մասին, թե ինչպես էին նա և նրա շրջապատը, ներառյալ մտերիմ գործընկեր Գիսլեյն Մաքսվելը, հավաքագրել աղջիկներին՝ վճարվող մերսողուհիներ աշխատելու պատրվակով, ինչը իրականում շահագործման ցանցում հայտնվելու միջոց էր։

Էփշտեյնի համար վարձված անչափահասների թվում եղել են 14 տարեկան և բարձր տարիքի աղջիկներ։ Նյութերում վկայություններ կան այն մասին, թե ինչպես է Մաքսվելը համալսարանական տարածքներում մոտեցել ուսանողուհիներին՝ աշխատանք խոստանալով, իսկ հետո նրանց ներգրավել ֆինանսիստի հետ շփումների մեջ։

2019 թվականի գրառումներից մեկում քննիչը նշել է, որ Էփշտեյնի մոտ «աղջիկների մատակարարման ճգնաժամ» է առաջացել, և նա խոսել է «ավելին փնտրելու» անհրաժեշտության մասին։ Սա արտացոլում է դեռահասների նկատմամբ նրա վերաբերմունքը՝ որպես սեփական այլասերված նախասիրությունների բավարարման ռեսուրսի։

Դրան զուգահեռ, փաստաթղթերը վկայում են, որ ներգրավված զոհերից ոմանք իրենք են այլ աղջիկների բերել համակարգ, քանի որ նման գործողությունների համար նրանց գումար են խոստացել։ Այս նյութերի հրապարակումը հնարավոր է դարձել ԱՄՆ Կոնգրեսի ընդունած թափանցիկության մասին օրենքի շնորհիվ, որն ընդունվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների ճնշմամբ։ Այն նախատեսում է քննչական գրառումների և այլ փաստաթղթերի հարյուր հազարավոր էջերի փուլային հրապարակում։

Այս նյութերը ոչ միայն հստակեցնում են չարաշահումների հաջորդականությունն ու Էփշտեյնի հանցակիցների՝ Մաքսվելի և հետագայում ձերբակալված ֆրանսիացի գործակալ Ժան-Լյուկ Բրյունելի դերը, այլև ցույց են տալիս, թե որքան մեխանիկորեն է կառուցված եղել անչափահասների շահագործման ցանցը՝ դերերի և նոր զոհերի ներգրավման մեթոդների հստակ տարանջատմամբ։

Որոշ փաստաթղթերում հիշատակվում է նաև գործի մասնակիցների միջև սեռական բնույթի նյութերի հնարավոր փոխանակումը։ Սա ավելի լայն հարցեր է առաջացնում այն մասին, թե որքան ժամանակ և ինչ ծավալով է գործել այս ցանցը, և ինչու են նախկինում չարաշահումների մասին ահազանգերը մնացել առանց իրավապահ մարմինների պատշաճ ուշադրության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս