Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը
Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։
Հայաստանի կինոգործիչների միությունը, անդրադառնալով հոբելյարին, նշում է. «Անհավանական է՝ նկատի ունենալով այն մեծ էներգիան, ստեղծագործական լիցքերը, մտահղացումները, որոնք կան Վիգեն Չալդրանյանի ներսում։ Անհավանական է՝ նկատի առնելով նրա երիտասարդական կեցվածքը, եռանդը, կենսակերպը։ Բայց դա փաստ է։ Ավելին՝ Վիգեն Չալդրանյանն այսօր նշում է ոչ թե 70-ամյա, այլ 120-ամյա հոբելյանը, որովհետև նա ստեղծագործում է արդեն 50 տարի»։
Միությունը շեշտում է՝ Չալդրանյանն այն անհատն է, որն իր ուրույն, շատ ուրույն ձեռագիրն ունի հայ կինոյում և թատրոնում. դա ձեռագիր է, ձեռագիր։
«Այն կարող է դուր գալ, կամ չգալ ոմանց, այն կարող են ընդունել, կամ՝ ոչ, բայց դա ձեռագիր է և դրանում որևէ մեկը չի կարող տարակուսել, իսկ ձեռագիրն արվեստագետի դրոշմն է, կնիքը, և ձեռագիրն է, որ մնում է որպես մշակութային ժառանգություն։ Բազմաթիվ են Չալդրանյանի ֆիլմերը, որոնք թե՛ ձեռագրային նշանակություն ունեն կինեմատոգրաֆում, թե՛ այդ ձեռագրային նշանակությամբ մաս են կազմում հայ կինոմշակութային ժառանգության, բայց առաջինը, որ ավետեց Վիգեն Չալդրանյան արվեստագետի, նրա մտածողության, նրա տեսակի և նրա անհատականության մասին, «Ապրիլ» ֆիլմն էր։ Հետո, անշուշտ, շատ եղան ֆիլմեր, որոնք մրցանակներ ու ճանաչում բերեցին արվեստագետին, սիրվեցին ու չսիրվեցին, ընդունվեցին ու չընդունվեցին, բայց «Ապրիլ»-ը մնաց այն առաջինը (թեպետ դրանից առաջ էլ կային աշխատանքներ), որը հավերժ մնաց որպես Վիգեն Չալդրանյան արվեստագետի սկզբի սկիզբը»,-ասվում է միության տարածած տեքստում և ընդգծվում, որ 70-ամյա արվեստագետը լի է ստեղծագործական նոր մտահղացումներով, աշխատում է նոր ֆիլմի ստեղծման ուղղությամբ, գրում է, նկարահանում և ինչն անչափ մեծ ուրախության առիթ է։
Միությունը տեղեկացնում է, որ ռեժիսորի հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 26-ին, Կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Չալդրանյանի և ոլորտի ներկայացուցիչների միջև։ Սպասվում են անակնկալներ։
