Ուկրաինայում ընտրությունները խաղաղության ծրագրի կետերից մեկն են և պետք է անցկացվեն «հնարավորինս շուտ». Զելենսկի
Ուկրաինայում ընտրությունների հարցը խաղաղության ծրագրի կետերից մեկն է։ Գործընկերները կարծում են, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա համաձայնագրի ստորագրումից հետո «հնարավորինս շուտ»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ից՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«(Խմբ.՝ խաղաղության ծրագրի) 18-րդ կետն է այն, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ՝ համաձայնագրի ստորագրումից հետո։ Որքան հնարավոր է շուտ։ Դա գործընկերների տեսլականն է։ Դե, մենք հասկանում ենք, թե որտեղից է դա գալիս», – բացատրել է Զելենսկին։
Նախագահը նշել է, որ Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, բայց պետք է նաև անվտանգություն լինի այդ գործընթացի համար։
Միևնույն ժամանակ նա նշել է այն հարցերը, որոնց վերաբերյալ կարող են բարդություններ լինել: Նրա խոսքով՝ հավանաբար, անհրաժեշտ կլինի հատուկ դրություն սահմանել, մինչ «զորքերը հետ են քաշվում կամ հետ չեն քաշվում»։ Զելենսկին նաև հարց է բարձրացրել, թե ինչ անել զորահավաքի հարցում՝ չանցկացնե՞լ, վերափոխել թե՞ չանել մասնակիորեն և մասնակիորեն զորացրել մարդկանց։
«Բայց ամենագլխավորն է որևէ ժամկետով չկորցնել զորքերը, չկորցնել դիրքերը։ Դա շատ վտանգավոր է», – հավելել է Զելենսկին։
Նախագահը նաև հնարավոր է համարել, որ համաձայնագրի ստորագրումից հետո որոշ ժամանակ ռազմական դրությունը կարող է չվերացվել, օրինակ, կես տարով կամ մի քանի ամսով։
Այդ ժամանակ, անվտանգության ապահովման դեպքում տեղի կունենան Ուկրաինայի նախագահի ընտրություններ, իսկ երբ արդեն չեղյալ կհայտարարվի ռազմական դրությունը, կանցկացվեն խորհրդարանական և տեղական ընտրությունները։
Նա նաև չի բացառել, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հանրաքվեի հետ միաժամանակ։
Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրությունների 60-90 օր այն բանից հետո, երբ երաշխավորվի ընտրողների անվտանգությունը, և ժողովրդական պատգամավորների կողմից ընդունվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։ Նրա հայտարարությունը հնչել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններից հետո։ Նման մեկնաբանություններ բազմիցս արել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զելենսկին նշել է հիմնական հարցերը՝ ընտրողների անվտանգություն, ռազմաճակատում գտնվող զինվորականների մասնակցություն, արտասահմանում գտնվող ուկրաինացիների քվեարկություն և ներքին տեղահանված անձանց գրանցում:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 33 միլիոնը, սակայն մոտավորապես 5-7,5 միլիոնը գտնվում են արտերկրում, իսկ ավելի քան 1,4 միլիոնը պաշտոնապես գրանցված չեն։
