Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. «Հետք»

Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հարթակի դրամայնացման հնարավորությունը միլիոնավոր մարդկանց հոբբին վերածել է մասնագիտության։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Այս գլոբալ ֆինանսական հոսքից, սակայն, Հայաստանը փաստացի դուրս է մնում։ Չնայած մեր երկրում յութուբյան ալիքներն ավելանում են, իսկ Կառավարությունը խոստանում է լուծել YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը, հայաստանյան բովանդակություն ստեղծողները առայժմ չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ այս ծառայությունը հասանելի չէ։

Դրամայնացումը կամ մոնետիզացիան հասանելի է YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program) ընդգրկված երկրներում։ Պարզ ասած՝ YouTube-ը վճարում է դիտումների դիմաց։ Սա դրամայնացման գլխավոր տեսակն է։ Հայաստանից դուրս այս հարթակից օգտվելիս տեսած կլինեք, որ տեսանյութերն ընդմիջվում են գովազդներով, ինչն էլ բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար աշխատել։ Մեզ մոտ նման բան չկա, Հայաստանից դիտումներն էլ արժեք չունեն։

Մեր հարևան երկրներից քարտեզի վրա մեզնից բացի մոխրագույնով է նշվում միայն Իրանը․ պատճառը Իրանի կառավարության կողմից հարթակի արգելափակումն ու ամերիկյան պատժամիջոցներն են։

YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյանը նշում է՝ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր էր տեղի դիտումներով գումար աշխատել, հետո ընկերությունը այս հնարավորությունը սահմանափակեց այն երկրներում, որտեղ Google-ը ներկայացուցչություն չունի։

«Սա չի նշանակում, որ Հայաստանից գումար աշխատել YouTube-ով ընդհանրապես հնարավոր չէ։ Ես կարող եմ ալիքը գրանցել այլ երկրում, բայց Հայաստանից դիտումների համար գումար չեմ ստանա»,- բացատրում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ 2018-ին հայկական շուկան YouTube-ի համար փոքր էր, հիմնականում երաժշտական ու լրատվական ալիքներ էին, բովանդակություն ստեղծողների թիվը փոքր էր։

«2020-ին՝ COVID-19 համավարակի ժամանակ, մարդիկ տանը ուզած-չուզած վիդեո բովանդակություն էին սպառում, ու էդ ժամանակ հայկական YouTube-ը բազմաբովանդակ դարձավ։ Ինչ-որ պահից Google-ը պիտի գա Հայաստան իր բոլոր ծառայություններով, բայց մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում, մենակ խոսում ենք դրա մասին»,- ասում է YouTube պրոդյուսերը։

Տիգրանն ասում է՝ Հայաստանում YouTube-ի կողմից սերտիֆիկացված լավ մասնագետներ կան, որոնք անհատապես աշխատում են դրամայնացման ակտիվացման ուղղությամբ, բայց միայն անհատական մակարդակում արդյունքի հասնելն իրատեսական չէ։

«Եթե այն ժամանակ Google-ը չուներ Հայաստան գալու պատճառ ու պահանջ, հիմա, իմ կարծիքով, ունի։ Նաև կարիք ունի, որովհետև պատերազմով պայմանավորված՝ կորցրել է երկու մեծ շուկա Ռուսաստանում ու Ուկրաինայում։ Կարծում եմ՝ էս դեպքում հայկական շուկան բավականին օգտակար կլինի YouTube-ին»,- նշում է Տիգրանը։

Ի դեպ, այս սահմանափակումների պատճառով Ռուսաստանից դիտումների համար ևս հայաստանյան յութուբյան ալիքները գումար չեն ստանում, անգամ եթե գրանցում են ալիքը YouTube-ի գործընկերների ծրագրում ընդգրկված երկրներում։

Փաշինյանն ասում էր՝ 2024-ի առաջին եռամսյակում Հայաստանում յութուբյան ալիքները կդրամայնացվեն

2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին։ Փաշինյանի խոսքով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից (ԲՏԱՆ) «խոստում են կորզել», որ ծառայությունը հասանելի կդառնա 2024 թվականի առաջին կիսամյակում։

Վարչապետը շեշտեց, որ սա կարևոր է երկրում մտավոր և ստեղծագործական աշխատանքը, առցանց կրթական ծրագրերը խթանելու համար։

2025 թվականը մոտենում է ավարտին, իսկ Փաշինյանի նշած ժամկետները վաղուց անցել են, սակայն Հայաստանը դեռևս չի ընդգրկվել YouTube-ի գործընկերների ծրագրում, որի անդամ լինելը դրամայնացման հիմնական պայմանն է։

Տեսանյութեր

Լրահոս