Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում մասնակցել են «Թրամփի ուղի» նախագծի քննարկմանը

ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախաձեռնության քննարկում, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը։ Այս մասին ասվում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի (USACC) հայտարարության մեջ։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև Վաշինգտոնում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։ Դռնփակ քննարկմանը կողմերը քննարկել են TRIPP նախաձեռնության դերը տարածաշրջանային կապի ամրապնդման և Միջին միջանցքի երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։

«ԱՄՆ վարչակազմի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պատմական առաջընթաց է։ TRIPP-ը այս խաղաղության կայունությունն ապահովելու միջոց է՝ տարանցիկ երթուղին վերածելով բարգավաճման շարժիչի»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային խաղաղապահ գործողությունների գրասենյակի տնօրեն և միջազգային խաղաղության հարցերով հատուկ դեսպանորդ Վինայ Չավլան։

Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան ընկերություններն ու կապիտալն անհրաժեշտ են այդ տեսլականն իրականացնելու համար, ու ԱՄՆ վարչակազմը ցանկանում է ապահովել նրանց մասնակցությունը բանակցությունների սեղանի շուրջ։

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ընդգծել է՝ ԱՄՆ մասնակցությունը կօգնի ապահովել, որ նախաձեռնությունը շոշափելի օգուտներ բերի Հարավային Կովկասին, Կենտրոնական Ասիային և այլ տարածաշրջաններին:

«Ողջունում եմ ադրբեջանցի գործընկերների հետ փոխգործակցությունը, որ քննարկումներն այժմ ընթանում են զարգացման կոնկրետ նախագծերի ուղղությամբ։ Նման համագործակցությունը կարևոր է իրական տնտեսական և սոցիալական արդյունքների հասնելու համար»,- նշել է Մկրտչյանը։

Խազար Իբրահիմը նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է խաղացել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Ադրբեջանցի դեսպանը նաև ընդգծել է, որ TRIPP նախագծի՝ որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողության ապահովումը կարևոր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031