Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայր կառուցելու ծրագիրը
Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում 19 նոր հրեական բնակավայրի կառուցման առաջարկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը։
Նախարար Բեզալել Սմոտրիչը, որը մշտապես կողմ է հանդես եկել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնման օրակարգին, նշել է, որ սրանով վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցվող նոր բնակավայրերի ընդհանուր թիվը հասել է 69-ի, ինչը նոր ռեկորդ է։
Բենիամին Նեթանյահուի կառավարության օրոք Արևմտյան ափում շինարարությունն աճել է գրեթե 50%-ով։
Սմոտրիչի գրասենյակը հայտարարել է, որ կառավարությունը հաստատել է բնակավայրերի կառուցումը դեկտեմբերի 11-ին, իսկ շինարարությունը մինչ օրս գաղտնի է պահվել։
Բնակավայրերի չափերը կարող են տարբեր լինել՝ մեկ բնակարանից մինչև բարձրահարկ շենքերի համալիր։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելն արագացրել է բնակավայրերի կառուցումը և հայտարարել Արևմտյան ափում իր ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին։
Այդ բնակավայրերը միջազգային իրավունքի համաձայն համարվում են անօրինական։
