Օրբանը Եվրամիության՝ ռուսաստանյան ակտիվների սառեցումը պատերազմի հայտարարում է անվանել
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Magyar Nemzet-ին տված հարցազրույցում Եվրամիության՝ ռուսաստանյան ակտիվների սառեցման մասին որոշումը պատերազմի հայտարարում է անվանել։
«Ես գնում եմ Բրյուսել պայքարելու՝ հայտարարելով, որ նրանք շրջանցում են Հունգարիան և ձեռք են գցում ռուսական ակտիվներին, սա պատերազմի հայտարարում է։ Ես երբեք նման բան չեմ տեսել, երբ կորչում են 200-300 միլիարդ եվրոյի ակտիվներ, և ոչ մի հետևանք չկա», – ասել է Օրբանը։
Ըստ նրա, իրավիճակը վատթարանում է «շաբաթ առ շաբաթ՝ խելահեղ արագությամբ»։
Օրբանը բացատրել է, որ յուրաքանչյուր երկիր ունի արժութային պահուստներ, որոնք պետությունները չեն կարող պահել իրենց երկրներում։
«Մենք էլ ունենք մեր ազգային պահուստները, ինչպես ռուսաստանցիները, բելգիացիները․ եթե նրանք ձեռք մեկնեն դրանց ուղղությամբ, մենք նույնպես ստիպված կլինենք մտածել՝ արդյոք դրանք ճիշտ տեղում են գտնվում։ Պատերազմի սկզբից ռուսաստանցիների գումարները սառեցվել են Բելգիայում, և հիմա նրանք ուզում են դիպչել դրանց, ինչը չափազանց անսովոր է և վտանգավոր, քանի որ բելգիացիները պայմանագիր ունեն, ըստ որի՝ պատասխանատվություն են կրում ռուսաստանցիների առջև նրանց գումարների համար», – պարզաբանել է նա։
Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսաստանյան ակտիվները։
ԵՄ-ն պայմանավորվում է անժամկետ սառեցնել 210 միլիարդ եվրո արժողությամբ ռուսաստանյան սուվերեն ակտիվները՝ ակտիվների սառեցումը երկարաձգելու վերաբերյալ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ քվեարկելու փոխարեն։
Ռուսաստանյան ԿԲ-ի՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի ակտիվները սառեցվել էին արևմտյան երկրներում 2022 թվականին Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման մեկնարկից հետո, հաղորդում է BBC-ն։ Այդ միջոցների մեծ մասը պահվում է Բելգիայում՝ Euroclear դեպոզիտարիայի հաշիվներին։
Եվրոպացիները ցանկանում են օգտագործել այդ գումարները՝ Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելու համար։ Սպասվում է, որ այդ գաղափարը կքննարկեն դեկտեմբերի 19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
