ԱՄՆ խաղաղության ծրագրին պատասխանում Ուկրաինան բացառել է իր զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից. NYT
ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի պատասխանը ենթադրում է, որ Կիևը պետք է պահպանի վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ, և որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սկզբում ցանկանում էր փոխանցել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների և մեկ նախկին ամերիկացի պաշտոնյայի։
Ուկրաինայի 20 կետից բաղկացած պատասխանը Վաշինգտոն է ուղարկվել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին։ Ըստ The New York Times-ի, պատասխանում հեռացվել են ԱՄՆ սկզբնական խաղաղության ծրագրի այն կետերը, որոնք «հատում էին Ուկրաինայի կարմիր գծերը»։
Վիճելի կետերից մեկը վերաբերում էր Դոնբասի տարածքներին, իսկ մյուսը՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելուն։ NYT-ի երկու աղբյուրների համաձայն, Կիևը ցանկանում է գոնե պաշտոնապես պահպանել ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականության» սկզբունքը։ Այս երկու փոփոխություններն էլ, ինչպես նշում է NYT-ը, հավանաբար անընդունելի կլինեն Ռուսաստանի համար։
ԱՄՆ խաղաղության ծրագրին Ուկրաինայի պատասխանը նաև պահանջում է իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ՝ Ռուսաստանի հնարավոր ապագա ագրեսիայից պաշտպանության համար։
Ըստ The New York Times-ի՝ այս հարցերի շուրջ բանակցությունները, հավանաբար, կշարունակվեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Թրամփի բանակցողներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպման ժամանակ, որը կկայանա Բեռլինում դեկտեմբերի 15-ին։

