«Նոա»-ի պատմական երեկոն. վճռորոշ պայքար «Լեգիա»-ի դեմ
Երևանի «Նոա»-ում համոզված են՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրի Վարշավայի «Լեգիա» դեմ խաղը կարող է դառնալ հայկական ակումբային ֆուտբոլի պատմական շրջադարձային պահը։ Հանդիպումից առաջ թիմի առանցքային խաղացողներն ու գլխավոր մարզիչը վստահաբար խոսում են կարգապահ աշխատանքի, վստահության և նպատակային խաղի մասին։
«Նոա»-ի ֆուտբոլիստ Գոնսալու Սիլվան հանդիպումն անվանել է իր կարիերայի կարևորագույններից մեկը՝ ընդգծելով ինչպես թիմի, այնպես էլ երկրպագուների սպասելիքները։
«Շատ կարևոր խաղ է թե մեզ համար, թե բոլոր հայերի ու ամբողջ ակումբի։ Պետք է 90 րոպե աշխատենք ու բերենք երեք միավոր։ Սա իմ կարիերայի ամենակարևոր հանդիպումներից մեկն է»,– ասել է Սիլվան՝ նշելով, որ վնասվածքից հետո լիովին պատրաստ է օգնելու թիմին։
Գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ընդգծել է, որ թիմում լարվածություն չկա, քանի որ բոլոր ֆուտբոլիստները մեծ աշխատանքի շնորհիվ են հասել այս փուլին։
«Մարդիկ չեն հասնի այստեղ, եթե չաշխատեն նույն ժանրի խաղերի համար։ Մենք չենք խաղալու «Լեգիա»-ին տպավորելու համար, մենք խաղալու ենք «Նոա»-ի համար։ Յուրաքանչյուր խաղացող պետք է ապացուցի, թե ինչու է կրում այս ակումբի շապիկը»,– նշել է մարզիչը։
«Նոա»-ն ունի 5 միավոր և հաղթանակի դեպքում կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում՝ առաջին անգամ ստեղծելով պատմական էջ հայկական ակումբային ֆուտբոլի համար։ Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, մեկնարկը՝ 21:45-ին։
Մրցակից «Լեգիա»-ում նույնպես գիտակցում են խաղի բարդությունը․ թիմի հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ասել է, որ «Նոա»-ի դեմ հեշտ մրցակցություն չի սպասվում։
«Դա որակյալ թիմ է՝ լավ կազմով։ Մենք եկել ենք մեծ սպասելիքներով ու նպատակ ունենք հաղթել»,– ասել է նա։
Այս պահին «Լեգիա»-ն ծանր շրջանում է․ լեհական առաջնությունում թիմը գտնվում է անկման գոտում և չի կարողանում հաղթել արդեն ութ խաղ անընդմեջ։ Կոնֆերենցիաների լիգայում «Լեգիա»-ն ունի ընդամենը երեք միավոր։
Ի տարբերություն դրա՝ «Նոա»-ն եվրոպական մրցաշարում հանդես է գալիս շատ ավելի կայուն՝ ունենալով ընդամենը մեկ պարտություն և մնալով փլեյ-օֆֆի պայքարում։ Նախորդ տուրում թիմը ոչ-ոքի խաղաց «Աբերդինի» հետ (1:1)։
Այսպիսով, առաջիկա հանդիպումը ոչ միայն վճռորոշ է «Նոա»-ի եվրոպական արշավի, այլև կարող է դառնալ հայկական ակումբային ֆուտբոլի նոր խոստումնալից էջի սկիզբը։
