Տափերականում պահվող 15-րդ դարի Ավետարանի գողության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Արարատի մարզի Տափերական համայնքում անհայտ անձինք հափշտակել են 15-րդ դարի Ավետարան ձեռագիրը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով)։
«Նախաքննությունը շարունակվում է»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝անհանգստություն հայտնելով միջադեպի և մշակութային արժեքների պահպանության խնդրի վերաբերյալ։
«Խորը մտահոգությամբ տեղեկացանք, որ անհայտ անձինք հափշտակել են Արարատի մարզի Տափերական համայնքում պահվող 15-րդ դարի Ավետարանը։ Այս փաստը հրամայական է դարձնում մասնավոր անհատների և համայնքային եկեղեցական հաստատությունների կացարաններում առանց պատշաճ պահպանման պայմանների ձեռագրերի առկայության խնդրի կարգավորումը»,-ասված է հայտարարությունում։
Մատենադարանի տնօրինությունը հիշեցրել է, որ բազմիցս առաջարկել է նմանատիպ մատյաններն ընդունել որպես նվիրատվություն կամ վերցնել ժամանակավոր պահպանության՝ ապահովելով սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը։
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնավոր կամ համայնքային պատկանելության ձեռագիր մատյանների պատշաճ պահպանության համար տրամադրել Մատենադարանի նյութական և մասնագիտական կարողությունները»,- նշվում է հաղորդագրությունում։
Մատենադարանը ցավալի է համարում, որ «Մատյանների տունդարձը» արշավի շրջանակում աշխարհի տարբեր աճուրդներից և մասնավոր հավաքածուներից Հայաստան վերադարձվող արժեքների ֆոնին երկրի ներսում դեռ արձանագրվում են նման գողություններ։
«Այս ոլորտում Մատենադարանի հետ համագործակցությունը քաղաքացիական հասունության և պատասխանատվության ցուցիչ է»,- նշվում է տնօրինության հայտարարության մեջ։
