Ինդոնեզիան և Ադրբեջանը ցանկանում են, որ Թուրքիան զորք ուղարկի Գազայի հատված. Ֆիդան
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Դոհայում կայացած համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի միջամտել՝ կանգնեցնելու համար Իսրայելի կողմից, ըստ նրա, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները, եթե Վաշինգտոնը չի ցանկանում, որ Գազայի վերաբերյալ գործարքը տապալվի։
«Ինչ-որ պահի նախագահ Թրամփը պետք է շատ բովանդակային զրույց ունենա [վարչապետ Բենիամին] Նեթանյահուի հետ… Եթե նրանք չմիջամտեն, վախենում եմ, որ պլանը կարող է տապալվել իսրայելցիների կողմից հրադադարի ամենօրյա խախտումների պատճառով», – ասել է Ֆիդանը։
Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը գրեթե ամբողջությամբ «կատարել է իրենից պահանջվածը»՝ վերադարձնելով բոլոր զոհված պատանդների մարմինները, բացի մեկից։
«Կարծում եմ, որ [Թրամփը] մինչև տարեվերջ լուրջ քննարկում կունենա Նեթանյահուի հետ», – նշել է Ֆիդանը՝ ենթադրելով, որ Թրամփը մեծ ազդեցություն կունենա Նեթանյահուի վրա, երբ վերջինս դեկտեմբերին այցելի Վաշինգտոն՝ նախագահի հետ հանդիպելու համար։
Ֆիդանը նաև հիշեցրել է, որ Իսրայելը վետո է դրել Գազայի միջազգային կայունացման ուժերում (ISF) Թուրքիայի մասնակցության վրա և հաստատել, որ դա հիասթափեցրել է այլ երկրների, որոնք Անկարայի ներկայությունը դիտարկում են որպես ապահովագրություն։
Պատասխանելով կոնկրետ հարցին Ինդոնեզիայի և Ադրբեջանի մասին՝ Ֆիդանն ասել է. «Նրանք ցանկանում են, որ [Թուրքիան] լինի ISF-ի մաս, քանի որ գիտեն, որ մենք կարող ենք առաջատար դեր խաղալ և հեշտացնել նրանց կյանքը՝ ավելի մեծ լեգիտիմություն և հասարակական աջակցություն ստանալու տեսանկյունից»։
«Ինդոնեզիան, Ադրբեջանը և մի քանի այլ մահմեդական ու արաբական երկրներ, որոնց հետ մենք սերտորեն համագործակցում ենք, ցանկանում են, որ Թուրքիան ընդգրկվի զինված ուժերի կազմում, որպեսզի իրենց զորքերը ուղարկվեն», – հավելել է նա։
Ֆիդանը նշել է, որ առաջնահերթ խնդիր պետք է լինի ISF-ի տեղակայումը Գազայի Դեղին գծի երկայնքով՝ իսրայելական ուժերին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալներին բաժանելու համար, որպեսզի դադարեցվեն գրեթե ամենօրյա մահաբեր բախումները։ ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը առաջիկա շաբաթներին կհամաձայնի գործընթացին, որի ընթացքում խմբավորումը աստիճանաբար վայր կդնի իր զենքը։
Ֆիդանը հավելել է, որ Գազայի գործարքի առաջընթացի ջանքերը բարդացնող խնդիրներից մեկը ԱՄՆ-ի կազմակերպչական սահմանափակ կարողություններն են։
