
Սիրիայում հայտնել են Իսրայելի ավիահարվածների մասին․ կա զոհ և վիրավորներ

Դամասկոսում մայիսի 29-ի երեկոյան հայտարարել են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին։ Հարվածի հետևանքով զոհվել է 1 երեխա, առնվազն 10 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։
Ըստ գործակալության զինվորական աղբյուրի՝ իսրայելական օդուժը Լիբանանի կողմից հարված է հասցրել Տարտուսից դեպի հյուսիս գտնվող Բանիյաս քաղաքի բնակելի շենքին ու ևս մեկ օբյեկտի:
Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։
Իսրայելը վերջին տարիներին պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին։ Սովորաբար նման հարվածների թիրախ են դառնում Իրանի ռազմական խորհրդատուները և Դամասկոսի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները: