
Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) մայիսի 29-ին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ «Աֆրիկյան ազգային կոնգրես» (ԱԱԿ) կուսակցությունը, որն անընդմեջ երկրում ղեկավարում է 1994 թվականին ժողովրդավարություն սահմանելուց ի վեր, այս անգամ կարող է զրկվել բացարձակ մեծամասնությունից։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Նախընտրական հարցումների համաձայն՝ ԱԱԿ-ն կարող է հավաքել 50 տոկոսից պակաս ձայն և այդ դեպքում ստիպված է լինելու գործընկեր փնտրել կոալիցիա կազմելու համար:
Իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» ժողովրդականության անկման պատճառը համարում են կառավարության աշխատանքի թույլ արդյունքները՝ լճացած տնտեսությունը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, ճգնաժամային վիճակում գտնվող պետական ընկերությունները, քայքայվող ենթակառուցվածքը, էլեկտրաէներգիայի և ջրի կանոնավոր անջատումները, անարդյունավետ առողջապահական և արդարադատության համակարգերը, հանցավորության և կոռուպցիայի բարձր մակարդակը:
Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցում է 52 կուսակցություն։ 40,1 միլիոն ընտրողներից քվեարկելու համար գրանցվել է 27,4 միլիոնը կամ 68 տոկոսը։ Քվեարկության արդյունքները կհրապարակվեն հունիսի 2-ին։ Դրանից հետո 14 օրվա ընթացքում նոր խորհրդարանը պետք է ձևավորի կառավարություն և ընտրի նախագահ։
ՀԱՀ-ի ներկայիս նախագահ 71-ամյա Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորած ԱԱԿ-ի ամենամեծ մրցակիցն այս ընտրություններում լինելու է Ջոն Ստենհեյզենի գլխավորած «Դեմոկրատական դաշինք» լիբերալ կուսակցությունը։