Բաժիններ՝

Yandex Armenia-ն Երևանի կենտրոնում նոր գրասենյակ և հանրային տարածք է բացել ՏՏ միջոցառումների համար

Yandex Armenia-ն Երևանում նոր գրասենյակ է բացել։ Այն Մոսկովյան 35 հասցեում է։ Գրասենյակը նախատեսված է ավելի քան 450 անձի համար․ այնտեղ կաշխատեն բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետներ ՝ ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ, որոնք զարգացնում են Yandex-ի ծառայություններն ու տեխնոլոգիաները Հայաստանի և այլ միջազգային շուկաների համար:

«Yandex-ը Հայաստանում աշխատում է ավելի քան 8 տարի։ Հայաստանը, գործարկված ծառայությունների քանակի առումով, միջազգային շուկաներում մեր ներկայության թոփ 3 երկրների շարքում է։ Մեծ գրասենյակը կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր և հայաստանյան շուկայում զարգացնել ընկերության ծառայությունները»,- ասում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը:

Yandex Armenia-ն 2017 թվականից ներդրումներ է կատարում Հայաստանի ՏՏ շուկայի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում և նախատեսում է հետագայում ևս ընդլայնել ակտիվությունը: Ընկերության կրթական նախագծերից են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ 2017 թվականից Վանաձորում և Գյումրիում գործող բարձր դասարանների աշակերտների ծրագրավորման դպրոցները, Armenian Code Academy-ի հետ համատեղ ծրագրերը, տվյալագիտության (data science) դասընթացները Հայ-ռուսական համալսարանում և գեներատիվ մոդելավորման ինտենսիվ դասընթացը ԵՊՀ-ում: Այս ծրագրերի շրջանավարտներից շատերն աշխատում են Հայաստանում ՏՏ ոլորտում և զարգացնում ծառայություններն ամբողջ աշխարհում:

Գրասենյակի շենքում ստեղծվել է Yandex Hall՝ հանրային տարածք, որի նպատակը Հայաստանի ՏՏ համայնքին աջակցելն է։ Yandex Hall-ը կդառնա փոխազդեցության և փորձի փոխանակման կենտրոն ՝ նպաստելով երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը: Հանդիպումներ կանցկացվեն 5 ուղղություններով ՝ Backend, ML, Product և Project Management, People Management, NewBiz:

«Մեզ արդեն միացել են տեղական ՏՏ համայնքները ՝ YerevaNN, Armenian Code Academy, Product People ու LIT Academy։ Յուրաքանչյուր համայնք կզարգացնի իր ուղղությունը, կսահմանի ծրագիրն ու միջոցառումներ կկազմակերպի: Բոլոր միջոցառումները կլինեն անվճար»,- նշում է Yandex Armenia-ի գրասենյակի ղեկավար Դմիտրի Ստեփանովը։

Բացի այդ, Yandex Armenia-ն հայտարարում է մեքենայական ուսուցման ոլորտում հետազոտական աշխատանքներին 17 մլն դրամի կրթաթոշակ հատկացնելու մասին։ Այն կուղղվի YerevaNN-ի և ԵՊՀ-ի կողմից կազմակերպված Center for Intelligent Computing-ի աջակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս