Նիկոլ Փաշինյանը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու ու իր կնոջ մասնակցությամբ սև-սպիտակ փարթիի մասին
Նիկոլ Փաշինյանը ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ՝ ոստիկանների կողմից Վեհափառ Հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու փորձին։
«Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։
Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե՞ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ոստիկանությունը փորձել է պարզել, թե Վեհափառի մուտքը պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելն է, թե ոչ։
Ըստ Փաշինյանի` եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ։
Հարցին՝ տեսնո՞ւմ է Հայաստանում քաղաքական ճգնաժամի առկայություն, Փաշինյանն ասաց․
«Ինչ է քաղաքական ճգնաժամ՝ գրված է քաղաքագիտական դասագրքերում, կարող եք գնալ բացել ու տեսնել այդ ձևակերպումները»։
Անդրադառնալով օրեր առաջ «սև ու սպիտակ» խնջույքին Աննա Հակոբյանի մասնակցությանը ու դրա շուրջ առաջացած աղմուկին, Փաշինյան ասաց․
«Նախ խրախճանք չի կազմակերպվել, ինչքան ես տեղյակ եմ՝ այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում ու ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը, այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ՝ մոտ 5-6 ամիս առաջ։ Ինչքան գիտեմ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, որ սևը չլինի գերիշխող»։
Հարցին կհանդիպի՞ արդյոք Սրբազանին, Փաշինյանն ասաց․
«Ովքեր ուզում են հանդիպել ինձ հետ, դրա համար ձևաչափեր կան, կարող են հերթագրվել ու ազատ հանդիպել»։