Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան 12 տարվա ընդմիջումից հետո դեսպան է նշանակել Սիրիայում

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը նոր դեսպան է նշանակել Սիրիայում։ Թագավորության դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Դամասկոսում կգլխավորի Սեյֆ բեն Սաուդ ալ Մուջֆելը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Սաուդյան Արաբիան և Սիրիան համաձայնության էին եկել վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները 2023 թվականի մայիսին։ Էր Ռիադում Սիրիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո մի քանի ամիս անց։ Այս տարվա սկզբին Սաուդյան Արաբիան բացել է իր դեսպանատունը Դամասկոսում․ այն ղեկավարում էր գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո արաբական երկրների մեծ մասը, չկարողանալով զիջումների հասնել Դամասկոսից՝ հօգուտ ընդդիմության, հետ էին կանչել իրենց դեսպաններին և միացել հանրապետության տնտեսական բոյկոտին։ Հակամարտության ընթացքում Կատարը, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ պետություններ ֆինանսական և ռազմական օգնություն են ցուցաբերել զինված խմբավորումներին, որոնք հանդես էին գալիս Սիրիայի կառավարության դեմ։ Հետագայում որոշ երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Օմանը կարգավորել են հարաբերությունները Սիրիայի հետ և վերսկսել իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը Դամասկոսում։

2023 թ․ մայիսին Սիրիայի նախագահը 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին, որն անցկացվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Դրանից ոչ շատ առաջ Արաբական պետությունների լիգայի խորհուրդը որոշում է ընդունել Սիրիային վերադարձնել տարածաշրջանային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, որը դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի նոյեմբերին Սիրիայի նախագահը կատարել է երկրորդ այցը թագավորություն՝ մասնակցելու ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողովին, որը նվիրված էր Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս