Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի շահերից չի բխում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կողմ դառնալը
: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն կարծիքին է, որ դաշինքի որևէ երկրի ներգրավումն Ուկրաինայի հակամարտության մեջ կխարխլի կազմակերպության միասնությունը և սպառնալիքի տակ կդնի Կիևին հետագա աջակցությունը։
«Կան տարբեր տեսակետներ, բայց ՆԱՏՕ-ի շահերից է բխում օգնությունը ցուցաբերել այնպես, որպեսզի դա դաշինքը չդարձնի հակամարտության կողմ: Դաշինքի ճնշող մեծամասնությունն աջակցում է Ուկրաինային, բայց դաշինքի անդամներից շատերը պատրաստ չեն գնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի լայնածավալ հակամարտության: Ուստի կարծում եմ, որ Ուկրաինային օգնության շարունակական հոսք ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել, որ դաշինքն անմիջականորեն չներգրավվի հակամարտության մեջ: Հակառակ դեպքում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ միասնությունը կխախտվի», – հայտարարել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` «որքան ուժեղ է Ուկրաինային աջակցությունը, այնքան ավելի զգույշ պետք է լինել գործողությունների կոչերում, որոնք կարող են մեզ պառակտել»:
«Մենք միասնություն ունենք օգնություն ցուցաբերելու հարցում, բայց չկա միասնություն (հակամարտությունում) ուղղակի ներգրավվածության հարցում: Եթե ՆԱՏՕ-ի ուժերն անմիջականորեն ներգրավվեն հակամարտության մեջ՝ գրոհելով ռուսական միջոցների վրա Ուկրաինայի ցամաքում կամ օդում, ապա մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի մնալ հակամարտությունից դուրս», – պարզաբանել է նա։
«Ուկրաինային տրված սպառազինությունն ուկրաինական է և դադարում է մերը լինել, և Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք», – նշել է գլխավոր քարտուղարը։
Ուստի նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է զենք օգտագործել ՌԴ-ի այն ռազմական թիրախներին հարվածելու համար, որոնք օգտագործվում են ուկրաինական տարածքի վրա գրոհների համար։
Բուլղարիայում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների և նրա 25 գործընկեր երկրների շուրջ 400 խորհրդարանականներ։
Վեհաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել եզրափակիչ հռչակագրի փոփոխությանը, որն Ուկրաինային թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի օբյեկտների վրա՝ ՆԱՏՕ-ի զենքի օգտագործմամբ: