Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած Տավուշի մարզին. Փաշինյանն ընդունել է Ժորժ Սիֆրեդին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նիկոլ Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված սերտ համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի առանձնահատուկ հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ համագործակցության նկատմամբ առկա երկկողմ հետաքրքրությունը: Միաժամանակ, վարչապետը բարձր է գնահատել նախագահ Էմանուել Մակրոնի և, ընդհանրապես, Ֆրանսիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: «Ֆրանսիան մեր առաջնային գործընկերներից է, և ակտիվ համագործակցությունը խորացնելու ահռելի ներուժ ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ժորժ Սիֆրեդին նախ իր զորակցությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հավելել, որ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը գործընկերային հարաբերություններ ունենալով Տավուշի մարզի հետ՝ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել վերջինիս: Օ-դը-Սեն շրջանային խորհրդի նախագահը կարևորել է Տավուշի մարզի հետ գյուղատնտեսության, ագրոտուրիզմի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և, հատկապես, կարևորել ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը: