Հայտնի են ջրհեղեղի հետևանքով զոհված 4 քաղաքացիների անունները
Հայաստանի Հանրապետության ՆԳ նախարարությունը հրապարակել է Լոռիի և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվածների տվյալները:
Աղետի վայրում հայտնաբերվել է 4 դի. Ավագ Ավագյան՝ 1948 թ․, Սարիբեկ Բալյան՝ 1985 թ., Գնել Զաքարան՝ 1964 թ., Գագիկ Նազլուխանյան՝ 1964 թ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նվում է, որ մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։
Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 429 մարդ, մասնավորապես՝ 387 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում:
Ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։
Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է Թեժ գիծ: