
Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով բակերում կանգնած 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել:
Աայս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ Փաշինյանի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստին:
Նախարարը տեղեկացրել է, որ Փրկարար ծառայության մասնագետները առավոտից սկսել են շենքերի հարակից հատվածներից ջուրը պոմպերով մղել գետ՝ հաշվի առնելով, որ գետի ջրի մակարդակը նվազել է:
«50-ից ավելի ավտոմեքենա կա, որոնք բակերում կանգնած ջրածածկ են եղել: Սա նախնական տվյալ է, թիվը կարող է ավելանալ»,-նշել է Սանոսյանը:
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։