
Պուտինը և Միրզիյոևը բանակցություններ են սկսել Տաշքենդում

: Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Շավքաթ Միրզիյոևը հանդիպում են անցկացնում Տաշքենդի «Կուկսարոյ» նստավայրում։ Նրանք բանակցություններ են վարելու նեղ և ընդլայնված կազմով։ Այդ մասին տեղեկանում ենք «Իզվեստիյա» պարբերականից:
Պուտինին նախագահական պալատի առջև անձամբ դիմավորել է Ուզբեկստանի ղեկավարը։
Ակնկալվում է, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը և հեռանկարները, մտքեր կփոխանակեն առկա խնդիրների շուրջ։ Պուտինը և Միրզիյոևը նաև կմասնակցեն Ռուսաստանի և Ուզբեկստանի տարածաշրջանների խորհրդի առաջին նիստին։
Վլադիմիր Պուտինը պետական այցով Ուզբեկստանում է գտնվում մայիսի 26-ից։ Ակնկալվում է, որ նրա այցի ընթացքում կստորագրվի երկկողմ փաստաթղթերի բավական մեծ փաթեթ։
Ռուսական կողմից բանակցություններին են ժամանել նաև մշակույթի, գյուղատնտեսության, ներքին գործերի, էներգետիկայի, նախարարները, «Ռոսատոմի» և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարները, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և այլք:
«Կուկսարոյը», որն ուզբեկերենից թարգմանաբար նշանակում է «կանաչ պալատ», Միրզիյոևի քաղաքամերձ նստավայրն է, որտեղ նա ընդունում է օտարերկրյա պետությունների ղեկավարներին և պատվավոր հյուրերին։